Թրամփի զարմուհին The New York Times-ին տեղեկություններ է հայտնել նախագահի հարկերի մասին
ԱՄՆ առաջնորդի զարմուհի Մերի Թրամփն օգոստոսին գիրք կհրապարակի, որում, մասնավորապես, կպատմի, որ The New York Times-ին տեղեկություններ է փոխանցել, որոնք թերթն անցյալ տարի օգտագործել էր Դոնալդ Թրամփի հարկերի մասին նյութում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելովThe Daily Beast-ը:
Աղբյուրի տվյալներով՝ «Չափազանց շատ է եւ երբեք բավարար չէ» (Too Much And Never Enough) գրքում, որը վաճառքի կհանվի օգոստոսի 11-ին, Ամերիկայի առաջնորդի 55-ամյա զարմուհին «ցնցող եւ անպարկեշտ» դեպքեր կպատմի Թրամփի կյանքից:
Բացի այդ, ըստ կայքի, նա կբացատրի, թե ինչպես է վճռական դեր խաղացել The New York Times-ի հետաքննության մեջ, որում ասվում է, որ հանրապետականը հարկային սխեմաների օգնությամբ ավելի քան 400 միլիոն դոլար է վերցրել իր հոր՝ Ֆրեդ Թրամփի անշարժ գույքի բիզնեսից: Նախագահի զարմուհին Պուլիտցերի մրցանակի արժանացաշ լրագրողական հետաքննության համար տեղեկատվության հիմնական աղբյուրն էր՝ թերթին տրամադրելով իր հորեղբոր հարկային հայտարարագրերը եւ իր ընտանիքի այլ խիստ գաղտնի ֆինանսական փաստաթղթերը, հայտնում են կայքի աղբյուրները:
Գրքում կներառվի նաեւ Մերիի զրույցը Թրամփի քրոջ՝ պաշտոնաթող դաշնային դատավոր Մարիաննա Թրամփ-Բերիի հետ: Ըստ The Daily Beast-ի՝ նա «կկիսվի ամենաանձնական մտքերով» եւ քննադատության կենթարկի իր եղբորը: Մերիի՝ ալկոհոլիզմով տառապող հայրը՝ Ֆրեդ Թրամփ կրտսերը, մահացել է 1981 թվականին՝ 42 տարեկանում սրտի կաթվածից: Պետության ղեկավարի զարմուհին, նշում է պորտալը, գրքում Դոնալդ եւ Ֆրեդ Թրամփերին կմեղադրի հոր մահվանը մասնակից լինելու համար: Նրա կարծիքով՝ նրանք անհրաժեշտ ուշադրություն չէին դարձնում Ֆրեդ Թրամփ կրտսերին: «Չափից շատ եւ երբեք բավարար չէ» գիրքն առաջինը կդառնա, որը գրվել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարի ազգականի կողմից, որում նա քննադատության է ենթարկվում: Այն վաճառքի կհանվի ԱՄՆ նախագահական ընտրություններից մոտ երեք ամիս առաջ: