Ռոնալդ Կումանը սրտի նոպայից առաջ կորոնավիրուս է ունեցել
Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի կին Բարտինա Կումանը պատմել է, որ ինքն ու ամուսինը հիվանդացել են կորոնավիրուսով եւ ապաքինվել են։
«Հիմա ամեն ինչ լավ է։ Ես եւ Ռոլանդը կորոնավիրուսով էինք վարակվել։ Թեստերը բացասական էին, բայց արյան մեջ հայտնաբերվել են հակամարմիններ։ Ռոնալդի մոտ կորոնավիրուսի ախտանիշն ավելի նկատելի էր։ Երբ նա առողջացավ ընկերներների հետ գնաց հեծանվաարշավի։ Վերադառնալուց հետո նա ասաց, որ վատ է զգում, ուժեղ ճնշում է զգում կրծքավանդակում։ Ես անմիջապես հասկացա, որ սիրտն է եւ շտապօգնություն կանչեցի։
Ռոնալդի հայրը մահացել է սրտի խնդիրների հետեւանքով, հոր եղբայրները եւս։ Շտապօգնությունը շատ արագ հասավ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ Ռոնալդն ունեցել է սրտի նոպա»,- մարզիչի կնոջ խոսքը մեջբերում է libelle.nl-ը։
Հիշեցնենք, որ 57-ամյա մասնագետը մայիսի 5-ին սրտի վիրահատությունից հետո դուրս էր գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակել տնային պայմաններում:
Կումանը Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի փետրվարից: