Գարիկ Սարգսյանի հերթական կիքսը. մարզպետը չի՞ տարբերում «մաքուր» աշխատավարձը «կեղտոտից»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի հրապարակումից հետո պաշտոնյաները շտապում են պարզաբանում ներկայացնել այս կամ այն հայտարարագրի վերաբերյալ՝ լրատվամիջոցներին մեղադրելով անճշտություններ տարածելու մեջ։ Մինչդեռ փաստն այն է, որ որոշ պաշտոնյաներ, ոչ միայն իրենց աշխատանքում են անփույթ, այլև անգամ պարզ հայտարարագիր լրացնել չգիտեն։
NEWS.am–ը հերթական կիքսն է հայտնաբերել՝ ուսումնասիրելով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մարզպետների ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 660 000 դրամ, իսկ «մաքուր» աշխատավարձը՝ մոտ 465 000 դրամ։ Ստացվում է, որ մարզպետի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 5.6 մլն դրամ։ 2019 թվականի մարզպետների եկումուտների հայտարարագրից պարզ է դառնում, որ մարզպետները հիմնականում ամեն ամիս իրենց աշխատավարձի չափով (465 000 դրամ) պարգևավճարել են ստացել՝ բացառությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, ով աշխատավարձի գրեթե կրնապատիկի (930 000 դրամ) չափով է պարգևատրվել ամեն ամիս։
Ասել է թե, Սարգսյանը 2019թ. ընթացքում մյուս մարզպետներից 5 մլն դրամ հավելյալ գումար է ստացել, սակայն մեր հաշվարկները ցույց տվեցին, որ հնարավոր է, որ այս տվյալները Գարիկ Սարգսյանի հերթական կիքսի արդյունքն են։ Ամենայն հավանականությամբ Արարատի մարզպետը հայտարարագրել է ոչ թե «մաքուր» աշխատավարձը, այլ «կեղտոտը»՝ հարկերը ներառյալ։ Նշենք, որ հայտարարագրումը ենթադրում է բացահայտել պաշտոնյայի իրական կամ փաստացի եկամուտները, ոչ թե ցույց տալ իր վճարած հարկերը։
Ի դեպ՝ մարզպետների հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մյուս մարզպետների համեմատ միջինում 1,5 մլն դրամով ավելի շատ պարգևավճար է ստացել, իսկ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ 2.6 մլն դրամ ավելի քիչ (համեմատել ենք 11 ամսվա ցուցանիշը, քանի որ նա պաշտոնավարում է 2019 թվականի փետրվարի 6-ից) կամ նա նույնպես սխալ հայտարարագիր է ներկայացրել (Տե՛ս Աղյուսակը)։
Մարզպետների՝ իրենք իրենց պարգևատրելու թեման բուռն քննարկումների առիթ էր դարձել դեռևս 2018 թվականին։ Այդ ժամանակ հրապարակումներ եղան այն մասին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պարգատրել է դրույքաչափը գերազանցող՝ 104.5%-ի չափով, մինչդեռ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է պարգևատրում մինչև մեկ ամսվա պաշտոնայի դրույքաչափով։
Գարիկ Սարգսյանի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ունի համատեղ սեփականության բնակելի տուն։
Գարիկ Սարգսյանի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 956 հազար դրամ գումար, որը տարեվերջին 100 հազար դրամով նվազել է։ Նա նաև հայտարարագրել է 260 հազար դրամ կանխիկ միջոց, որը տարեվերջին դարձել է 180 հազար դրամ։
Գարիկ Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը 2019թ. օգոստոսին 5500 ԱՄՆ դոլարով վաճառել է 2005թ. արտադրության «Suzuki» մակնիշի ավտոմեքենան, փոխարենը նոյեմբերին նա 13,500 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել 2008թ. արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա։
Տարեսկզբին մարզպետի հայրն ունեցել է 100 հազար ռուբլի (684 հազար դրամ) կանխիկ գումար, որը տարեվերջին աճել է՝ դառնալով 280 հազար ռուբլի(1 մլն 915 հազար դրամ)։
Մնացական Սարգսյանը Արարատի մարզի Նոր Կյանք, Արալեզ, Նոր Ուղի գյուղերում ունի չորս հողամաս, որից երկուսն իր սեփականությունն են, երկուսը՝ համատեղ սեփականություն, սակայն հայտարարագրի թերի լրացման արդյունքում պարզ չէ, թե երբ է Սարգսյանը այդ հողերը ձեռք բերել՝ նախքան որդու՝ մարզպետ նշանակվելը, թե դրանից հետո։