Թրամփը պատմել է «աշխարհում ամենաարագ» ամերիկյան գերձայնային հրթիռի մասին
ԱՄՆ-ը մշակում է գերձայնային հրթիռ, որը կզարգացնի 17 անգամ ավելի մեծ արագություն, քան այժմ գոյություն ունեցողներն են, այն ունակ կլինի հասնել 1600 կմ հեռավորությամբ գտնվող թիրախին։ Այս մասին շաբաթ օրը, ելույթ ունենալով Նյու Յորքի նահանգում Ուեսթ Փոյնթ ակադեմիայի շրջանավարտների առջեւ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հեռարձակումն իրականացրել են ամերիկյան հեռուստաալիքները։
ԱՄՆ նախագահը նշել է, որ երկրում ակտիվորեն մշակում են նոր սպառազինություններ։ Դրանց թվում նա անվանել է «գերձայնային հրթիռը, որը 17 անգամ ավելի արագ է, քան ամենաարագ հրթիռը, որն այժմ գոյություն ունի աշխարհում», հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա հաստատել է, որ հրթիռը «կարող է հասնել 1000 մղոն (մոտ 1600 կմ) հեռավորությամբ թիրախին՝ կենտրոնից 14 դյույմի (մոտ 35,5 սմ) շրջանակներում»։
Մայիսի կեսին Թրամփը հայտարարում էր, որ Միացյալ Նահանգները մշակում է «սուպեր հրթիռ», որը կզարգացնի 17 անգամ ավելի մեծ արագություն, քան այժմ գոյություն ունեցողները։ Նրա պնդմամբ՝ հրթիռը կլինի «ամենաարագը աշխարհում»։ Թրամփն այն ժամանակ մանրամասներ չէր ներկայացրել։