Թրամփի վարչակազմը չեղարկել է տրանսսեքսուալներին բուժօգնություն տրամադրելու նորմատիվային ակտը
Թրամփի վարչակազմն ավարտել է նորմատիվային ակտի վրա աշախատանքը, որն ընդունվել էր ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի օրոք, որի համաձայն ապահովվում էր առողջապահության ոլորտում սեռական հիմքով խտրականությունից տրանսսեքսուալների պաշտպանությունը, հայտնում է The Guardian-ը:
Նորմատիվ ակտի նոր տարբերակի համաձայն՝ Առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը կվերադառնա ««սեռական հիմքով խտրականություն» հասկացության կառավարական սահմանմանը՝ «սեռ» բառի սովորական նշանակության համաձայն, ըստ կենսաբանության՝ համապատասխանաբար արական եւ իգական»:
Օբամայի վարչակազմի ժամանակ ընդունված կանոնակարգի համաձայն՝ սեռը որոշվում էր որպես մարդու ներքին զգացողություն՝ իրեն տղամարդ կամ կին զգալու, կամ այս երկու սահմանումներից ոչ մեկը, ոչ մյուսը:
Այս փոփոխությունը, որի համար վաղուց էին պայքարում Թրամփի հետեւորդները, դաշնային ֆինանսավորում ստացող բուժհաստատություններին եւ ապահովագրական ընկերություններին թույլ կտա մերժել տրանսսեքսուալ ամերիկացիներին բուժօգնության տրամադրումը:
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ արդեն հայտարարել են, որ այս որոշումը կվիճարկվի, այդ թվում՝ նաեւ դատական ատյաններում: