«Չգիտեմ՝ ինչպես ապրել։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ ներում չկա»․ Միխայիլ Եֆրեմովը ներողություն է խնդրել Սերգեյ Զախարովի ընտանիքից (Տեսանյութ)
Միխայիլ Եֆրեմովն առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվայի կենտրոնում երկուշաբթի տեղի ունեցած սկանդալային ավտովթարը: Ռուսաստանի վաստակավոր արտիստը տեսաուղերձ է ձայնագրել՝ նշելով, որ շատ ամաչում է։
«Ես չգիտեմ, թե ինչպես շարունակեմ ապրել։ Արդեն չորս օր է անցել այդ անիծված երկուշաբթի օրվանից, ես չգիտեմ, թե ինչ ասել, հիմա նույնպես չգիտեմ: Ես չգիտեմ, թե ինչպես եւ ինչ խոսքերով ներողություն խնդրեմ Սերգեյ Զախարովի ընտանիքից, բայց ես միեւնույն է, խնդրում եմ, թեեւ գիտեմ, որ չեն ների», - ասել է Եֆրեմովը:
Դերասանը նշել է, որ մահացած տղամարդու հարազատներին կօգնի, եթե նրանք ընդունեն դրանք։ «Եվ եթե նրանք հասկանան, որ դա ոչ թե արդարացման, այլ «մեղքը քավելու» փորձ է։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ ներում չկա», - անկեղծ ասել է Միխայիլ Օլեգովիչը։
Նա նշել է, որ աններելի է «հարբած» ղեկին նստելը, երբ արդյունքում զոհվում է մի մարդ, որին նա անվանել է «լավ տղամարդ»: «Ես չեմ հասկանում, թե ինչպես շարունակեմ ապրել», -արցունքներն աչքերին ասել է Եֆրեմովը:
«Գիտեմ, շատերը կարծում են, որ ինձ՝ որպես արտիստի, «կփրկեն»․ ոչ, իմ կապերն ու ծանոթությունները ես չեմ օգտագործի։ Եվ ինչպես կարելի է «պլստալ», երբ բոլորն ամեն ինչ տեսել են։ Ես նույնպես տեսա, երբ քնեցի ու շոկն անցավ։ Փառք Աստծո, մայրս չի տեսել», - խոստովանում է Եֆրեմովը։
Նա հավելել է, որ դա կինո չէ եւ ոչինչ այլեւս չես փոխի։ «Սա վերջն է, չկա այլեւս ոչ մի Եֆրեմով։ Ես դավաճանեցի բոլորին։ Ավել ոչինչ չունեմ ասելու», - ամփոփել է դերասանը։