Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր (Լուսանկար)
Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը նախարար Տոնոյանն այցելել է ազգային հերոսի անունը կրող մարտական բարձրադիր հենակետ, ծանոթացել դիտարկման հնարավորություններին, զինանձնակազմի հերթապահության պայմաններին, ինչպես նաև պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած դիրքապահներին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը այցի շրջանակում եղել է նաև այն զորամասերում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, բարելավվում են զինծառայողների կենցաղային պայմանները, նորոգվում և կահավորվում են զորամասերի ուսումնական կետերը։
Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերից մեկի ճաշարանում, որտեղ վերջերս ներդրվել է սննդի մատուցման նոր տարբերակ։
Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել հրամանատարական կազմի հետ և տվել համապատասխան հանձնարարականներ: