ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում դադարեցնել հորատումները միջերկրածովյան վիճելի ջրերում
Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիային դադարեցնել հորատումները Միջերկրական ծովի վիճելի ջրերում: «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած են Կիպրոսի մերձակա ջրերում հորատման գործողությունների կապակցությամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Փալմերը: «Այս գործողությունները լարվածություն են առաջացնում տարածաշրջանում, եւ մենք կրկին կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել հորատման բոլոր գործողությունները Կիպրոսի մերձակայքում»:
Փալմերի նախազգուշացումը հնչեցվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հորատման աշխատանքներ սկսելու սպառնալիքներից հետո, այդ թվում՝ Հունաստանի տարածքային ջրեր նոր հետազոտական նավ ուղարկելու պլանների, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
Փալմերը երկու կողմերին խորհուրդ է տալիս նահանջել ցանկացած առճակատումից: «Որպես դաշնակից՝ ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության աճը կարող է այնպիսի միջադեպի հանգեցնել, որը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ,- ասել է Փալմերը:- Անցյալում մենք տեսել ենք, թե ինչպես են միջադեպերն արագորեն սրվում տարածաշրջաններում: Մենք կոչ ենք անում Հունաստանին եւ Թուրքիային ապահովել կապի ուղիների բացությունը»: