Ի՞նչ միջոցներով, ինչի՞ գրավադրմամբ է կատարվելու այդ գործարքը.Խաժակյանը՝ Եսայան եղբայրների կողմից Beeline-ը գնելու մասին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով տեղեկությանը, թե «Թիմ» ՍՊԸ-ն բանակցություններ է սկսել Բիլայն ապրանքանիշի ձեռքբերման գործարքի շուրջ։
Նա, մասնավորապես, նշել է. «Օրերս տեղեկացանք, որ նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ն բանակցություններ է սկսել «Վեոն Արմենիայի» հետ Բիլայն ապրանքանիշի ձեռքբերման հնարավոր գործարքի շուրջ: Ucom-ից հեռացած Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների նախաձեռնությամբ ՏՄՊՊՀ-ն դիտարկում է գնման հարցը:
«Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիայի» գործարքի հնարավոր գինը 60,000,000 դոլար է ըստ տարբեր գնահատումների, ու եթե կանխավճարը կա գործընթացի մեկնարկի համար, ուրեմն կա նաեւ համապատասխան գումարը կամ դրա ստացման ակնկալիքը:
Նկատի ունենալով, որ խոսքը հեռահաղորդակցության ոլորտում վերաբաշխումների մասին է, կարծում եմ պետք է ապահովվի առավելագույն թափանցիկություն եւ հանրությունը իմանա, թե ի՞նչ միջոցներով է կատարվելու այդ գործարքը:
Եթե դա վարկ է, ապա ինչի՞ գրավադրմամբ կամ ի՞նչ երաշխիքի հիման վրա է առեւտրային բանկը տրամադրելու այդ միջոցները նորաստեղծ կազմակերպությանը, որը, թեեւ ունի բարի համբավ, սակայն իր ծավալների համատեքստում ըստ անզեն գնահատումների չի տիրապետում այդպիսի ռեսուրսների:
Հաշվի առնելով հարցի ստրատեգիական բնույթը լրատվամիջոցների եւ իրավապահների ուշադրությունն եմ հրավիրում այս գործընթացի վրա, եւ «Թիմ»-ից ակնկալում եմ պարզաբանում ստանալու այն մասին, թե որո՞նք են իր ֆինանսական աղբյուրները եւ ի՞նչ հենքով կամ ինչի՞ գրավադրմամբ է «Թիմ» ՍՊԸ-ն վարկավորում ստանում։