Թոմաս Մյուլեր․ Տարօրինակ է խոսել տրանսֆերների մասին, երբ աշխատավարձ են կրճատում
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է Լեւերկուզենի «Բայերի» եւ Գերմանիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցի հնարավոր տրանսֆերի մասին։
«Կայ Հավերցը շատ լավ ֆուտբոլիստ է, եթե ոչ ամենատաղանդավորը Եվրոպայում իր հասակակիցների մեջ։ Նա հրաշալի որակներ ունի։ Իհարկե, մենք ցանկանում ենք «Բավարիայում» տեսնել լավագույններին։
Ցավոք, ես տեղյակ չեմ, թե ինչ պայմաններում են աշխատում ակումբի ֆինանսական բաժնի ղեկավարն ու մարզական տնօրենը։ Չգիտեմ, թե ինչ է նախատեսվում եւ ինչ բյուջեի մասին է խոսքը այս պայմաններում։ Տարօրինակ է խոսել տրանսֆերների մասին, երբ աշխատավարձ են կրճատում»,- Թոմաս Մյուլերի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։
Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։