Էրդողանի սադրիչներն ընդդեմ լիբանանահայության․ բեյրութահայ գործչի ահազանգը
Անցած գիշերային ժամերից սկսած Թուրքիայի թեթեւ ձեռքով ղեկավարվող խմբավորումները բառացիորեն կրակ են ժայթքում լիբանանահայության դեմ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Մտահոգիչ լուրեր Բեյրութի հայ համայնքից» գրառման մեջ նշել է լիբանանահայ հանրային գործիչ Սաքո Արյանը։
«Խնդիրը ծագած է, երբ լիբանանցի ներկայացող ոմն մեկը վոցապով ինտերակտիվ հաղորդման ընթացքում սպառնալիքներ է տեղացել «Ալ Ջադիդ» կայանի հաղորդավար, հայ հայտնի լրագրող Նշան Տեր-Հարությունյանին, նրան անվանելով գաղթական եւ օտար։ Իր հերթին Նշանը հակադարձել է զանգահարողին եւ շեշտել, որ Էրոողանը, Թուրքիան եւ օսմանցիները նենգ են։
Հաղորդման վերջում (դրան, ի դեպ, մասնակցել լիբանանցի հայտնի գործիչ Ուայամ Ուահաբը) տասնյակ մարդիկ, որոնցից շատերը բնակվում են արտասահմանում, սադրիչ արտահայտություններ են հնչեցրել հայրի հասցեին։ Նրանք արդարացրել են օսմանցիների իրականացրած ցեղասպանությունը, ասելով, որ «դուք՝ հայերդ, նենգ էք եւ արժանի եք այդ սպանություններին»։ Նրանք պարծեցել են, թե իբր օսմանիցներ են, Էրդողանի հետեւորդներ ու զինակիցներ»։
Լիբանանահայ գործիչը անսպասելի չի համարում այսպիսի սադրանքները, քանի որ լիբանանյան զարգացումներին մոտիկից հետեւողները նկատել են Լիբանանում Անկարայի ինքնահաստատվելու նկրտումներն ու դավանենգ փորձերը, Լիբանանի հյուսիսում ձեւավորելով այսպես կոչված «թուրքական լոբբի»։
«Սիրիա, Լիբիա, հիմա էլ Լիբանան․ ահա Անկարայի նոր ծրագիրը, եւ դժբախտաբար, սուննի արաբական աշխարհը դարձել է դրա լուռ ու անօգնական դիտորդը։ Վերջին խոսքս ուղղում եմ լիբանանահայ ընկերներիս․ վստահ եմ, որ այս փորձությունն էլ հպարտությամբ եւ քաջաբար ու բաց ճակատով կդիմագրավեք։ Աստված պահապան մեր ժողովրդին»։
Սաքո Արյանը նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում են «պրոէրդողանյան հրոսակներ, որոնք հեղեղել են «Ալ Ջադիդ» թաղամասը։