Էրդողանը փոխարինել է Թուրքիայի նահանգների ղեկավարների կեսին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի 41 նահանգներում նոր նահանգապետեր նշանակելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական Gazette Resmi gazete կառավարական թերթում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հրամանագրի համաձայն՝ նահանգների 17 նախկին ղեկավարները հետ են կանչվել՝ կենտրոնական ապարատում աշխատելու համար: Նախկինում Մուղլա նահանգի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Էսենգյուլ Ջիվելեքը նշանակվել է նախագահի գլխավոր խորհրդական:
Ղեկավարության փոփոխությունն ազդել է նաեւ այնպիսի նահանգների վրա, ինչպիսիք են Իզմիրը, Անթալիան, Քոնիան եւ Դիարբեքիրը:
Երկրում ընդհանուր 81 նահանգ կա: Այսպիսով, նախագահը փոխարինել է Թուրքիայի նահանգների ղեկավարների կեսին: