Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ցուցարարները հանել են Քրիստոփոր Կոլումբոսի հուշարձանը եւ նետել են այն լիճը
Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ցուցարարները հանել են Քրիստոփոր Կոլումբոսի հուշարձանը եւ նետել են այն լիճը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական WRIC հեռուստաալիքը:
Ըստ ԶԼՄ-ների՝ երեքշաբթի երեկոյան մոտ հազար ցուցարար հավաքվել էր Բյորդ Պարկում: Սկզբում բողոքի ակցիան խաղաղ բնույթ էր կրում: Ականատեսների վկայությամբ՝ տեղական ժամանակով 20:30-ի սահմաններում ցուցարարները երեք ճոպանով հանել են հուշարձանը պատվանդանից, ինչից հետո քարշ են տվել այն դեպի այգում գտնվող լիճը եւ նետել են ջրի մեջ:
Բողոքի ցույցի մասնակիցներից մեկի խոսքով՝ այս ակցիան պլանավորված չէր:
Երկուշաբթի Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի դատավորը որոշում է կայացրել, որի համաձայն պետական պաշտոնյաներին արգելվում է 10 օրվա ընթացքում քանդել ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի շրջանում ստրկատիրական նահանգների գլխավոր հրամանատար, գեներալ Ռոբերտ Լիի արձանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նորթեմը մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ կարգադրել է հանել գեներալ Ռոբերտ Լիի հայտնի արձանը: Որոշումն ընդունվել էր Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին: