ԱՄՆ իշխանությունները մտադիր են կալանավորել երկրում անկարգությունների կազմակերպիչներին
ԱՄՆ իշխանությունները մտադիր են կալանավորել մի շարք անձանց՝ ԱՄՆ-ում վերջին շաբաթներին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Այս մասին Fox News-ի լրագրողների հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ արդարադատության նախարար-գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ում տեղի ունեցած անկարգությունների մասին խոսելիս նա նշել է. «Եղել է այնպես, որ ուլտրաաջ խմբավորումները փորձել են ներկայանալ ուլտրաձախ: Ուլտրաձախերը ուլտրաաջեր են ձեւացել: Երկու կողմերի ներկայացուցիչները փորձել են բռնություն հրահրել»:
ԱՄՆ արդարադատության նախարարը դրական է պատասխանել հարցին՝ նախատեսվո՞ւմ է կալանավորել այն անձանց, որոնք հանդես են եկել կազմակերպիչների դերում: «Ես չեմ կարող ժամկետներ սահմանել այն հարցում, ինչն առնչվում է այս քննություններին: Սակայն կարծում եմ, որ մենք ամբողջությամբ նպատակաուղղված են այս խմբերին սանձելուն»,- հավելել է նա:
Երկուշաբթի Բարը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները քննություն են սկսել երկրում բողոքի ցույցերի մի շարք մասնակիցների դեմ, որոնք կապված են ամերիկացի հակաֆաշիստների «Անտիֆա» շարժման հետ: Նա հստակեցրել էր, որ այդ մարդիկ ձերբակալվել են ցույցերի ժամանակ՝ մի շարք հանցագործությունների մեղադրանքով: Մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են «Անտիֆա» շարժումը մտցնել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ: Նա պնդել էր, որ արմատական ձախ խմբավորումները պատասխանատվություն են կրում մի շարք նահանգներում ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների եւ բռնության դեպքերի համար:
Ցույցերը սկսվել են Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Մայիսի 25-ին նրան ձերբակալելիս իրավակարգի պահապանները օգտագործել էին շնչահեղձ անող հնարքներ: Դրանից կարճ ժամանակ անց աֆրոամերիկացին մահացել էր հիվանդանոցում: Մեկ օր հետո ձերբակալմանը մասնակցած ոստիկանության 4 աշխատակցին հեռացրել էին, հաջորդ օրերին նրանց առաջադրվել էին մեղադրանքներ: