Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն
Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։
Մեր տեղեկություններով՝ «Հրապարակ» օրաթերթի՝ հրապարակած տեսանյութից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարետին գնալ և դադարեցնել միջոցառումը:
Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրություն է, և բազմամարդ հավաքներ անցկացնել չի թույլատրվում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև բարձրաստիճան սպաներ:
Կայքը փոխանցում է, որ քանի որ տեղեկությունը ստացվել է արդեն երեկ կեսգիշերն անց, Factor.am-ը չկարողացավ պաշտոնական պարզաբանում ստանալ։ Հարցի շուրջ պաշտոնական պարզաբանման խնդրանքով պարետատուն կդիմեն առավոտյան և այն ստանալուն պես՝ կհրապարակեն։ Արդյո՞ք առաջիկայում, այս փաստով պայմանավորված, պաշտոնանկություններ կլինեն, դեռ հայտնի չէ։
Նշենք, սակայն, որ վերջերս Արարատի մարզի դպրոցներից մեկի ուսուցչուհուն Վերջին զանգի միջոցառում անցկացնելու համար ազատել էին աշխատանքից: