Կավասակի սինդրոմով չորսամյա երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ
Կորոնավիրուսով վարակված չորսամյա երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ։ Այս մասին ասվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Օրերս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել չորս տարեկան տղա երեխա, որի մոտ հայտնաբերվել էր COVID-19, երեխան չուներ արտահայտված ախտանիշներ։ 4-օրյա բուժումից հետո երեխան COVID-19 թեստի կրկնակի բացասական արդյունքից հետո դուրս է գրվել հիվանդանոցից ու գնացել տուն։ Չորս օր հետո երեխայի ջերմությունը բարձրացել է և նա կրկին ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծանր վիճակում։ Երեխայի մոտ ախտորոշվել է Կավասակի սինդրոմ (առաջին դեպքը):
Երեք օր անց երեխայի մոտ ի հայտ են եկել պարանոցային մկանների արտահայտված կարկամություն, զարգացած ներբանների, ափերի, դեմքի, որովայնի էրիտեմատոզ ցանավորում, այտուցներ վերջույթներին ու դեմքին, ինչպես նաև հավաքվել էր հեղուկ որովայնի խոռոչում: Ութ օրվա ընթացքում երեխայի մոտ գրանցվել է բարձր տենդ։
Թագավարակի հետազոտության բացասական արդյունք ստանալուց հետո՝ երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Այդ ընթացքում կլինիկական պատկերին ավելացել են նաև նոպայաձև ցավեր որովայնի հատվածում, ձութանման կղանք: Հայտնաբերվել է տասներկումատնյա աղու խոց։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ստացած բուժման ֆոնին երեխայի վիճակը զգալիորեն բարելավվել է։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի մոտ հիվանդության ընթացքում դրսեվորվել են մի քանի օրգան-համակարգերի ախտահարում, առկա են եղել արտահայտված լաբորատոր բորբոքային ցուցանիշներ և նախորդող COVID-19 վարակ՝ նրա մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ։ Ախտորոշումը տեղի է ունեցել համաձայն ԱՀԿ կողմից առաջարկված չափանիշների։ Հիվանդությունը ախտորոշելուց հետո երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղափոխվել է «Արաբկիր-ԵԴԱԻ» ԲՀ՝ հետագա բուժումը շարունակելու համար։
#Ինֆորմացիոն Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մի շարք երկրներում հաղորդվել է հարյուրավոր երեխաների մոտ ծանր ընթացքով մի հիվանդության մասին, որը կապված է COVID-19 վարակի հետ:
Հիվանդության նշաններն են՝ տենդը, մաշկի ցանը, այտուցները, արյունոտ աչքերը, սրտամկանի դիսֆունկցիան, որովայնի ցավը, փորլուծությունը, և այլն»: