Գերմանիայի դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել աղմկահարույց և առեղծվածային հանցագործությունից
Գերմանիայի դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել աղմկահարույց եւ առեղծվածային հանցագործությունից` Մադլեն Մաքքանի անհետացումից, հաղորդում է BBC-ը:
13 տարի անց գործում կասկածյալ է հայտնվել: Բրիտանացիները վերջին անգամ իրենց 3 տարեկան երեխային տեսել են Պորտուգալիայում հանգստի ժամանակ: Գերմանացի դատախազները ենթադրել են, որ երեխան մահացել է:
Սպանության մեջ կասկածյալը Գերմանիայի 43-ամյա քաղաքացին է, ում անունը չի նշվում: Սակայն հայտնի է, որ նա մի քանի անգամ դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործության համար, եւ այժմ հերթական պատիժն է կրում գերմանական բանտում:
Կասկածյալը Պորտուգալիայում մատուցող էր աշխատում, գողություններ էր անում հյուրանոցներում եւ թմրանյութերի վաճառքով զբաղվում:
2007 թվականի մայիսի 3-ին՝ երեխայի անհետացման օրը, նա գտնվել է Փրայա-դա-Լուզում, որտեղից էլ անհետացել է երեխան:
Գերմանիայի ոստիկանություն նաեւ հրապարակել է տան լուսանկարը ,որտեղ ապրել է կասկածյալը: Հաղորդվում է, որ երեխայի անհետացումից մեկ օր անց նա իրեն պատկանող մեքենան գրանցել է ուրիշի անունով:
Հայտնի է, որ մայիսի 3-ին ժամը 19:32-ին նա զանգ է ստացել անհայտ բաժանորդից եւ զրուցել մոտ կես ժամ: Մադլենն անհետացել է ժամը 21-ի սահմաններում:
Անհայտ զրուցակիցը գործի առանցքային վկան է:
Մեծ Բրիտանիայում այս պատմությունը մեծ աղմուկ է հանել:
Ոստիկանությունը եվրոպական մի քանի երկրի խնդրել է ստուգել մոտ 600 կասկածյալի, սակայն չի կարողացել գտնել նրան: