ԱՄՆ-ում աֆրոամերիկացու մահվան կապակցությամբ բռնկված բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 10 հազար մարդ է ձերբակալվել
Միննեապոլիսում (Մինեսոտա) ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ի շատ քաղաքներում բռնկված բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալությունների թիվը գերազանցել է 10 հազարը: Այս մասին հայտնում է Associated Press (АP)-ը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները:
Բոլոր ձերբակալությունների ավելի քան քառորդ մասը բաժին է ընկնում Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքին, որին հետեւում է Նյու Յորքը, Դալլասը (Տեխաս) եւ Ֆիլադելֆիան (Փենսիլվանիա): Ձերբակալվածներից շատերին մեղադրանքներ են առաջադրվել մանր իրավախախտումների համար, օրինակ՝ պարետային ժամային կանոններին չհետեւելու: Ընդ որում, ինչպես նշել է AP-ն, հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել են գողության կամ թալանի մեղադրանքով:
Անկարգությունների դեմ պայքարում իրավապահներին հաճախ միանում է ԱՄՆ ազգային գվարդիան, ներկայումս մոտ 30 հազար զինծառայող է ներգրավված 31 նահանգում եւ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանում: Մոտ 40 քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում, պարետային ժամ է հայտարարվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: