Ամենամյա բուժզննումը ցույց է տվել, որ Թրամփն առողջ է
Ամենամյա բժշկական հետազոտության արդյունքները վկայում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առողջ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քելի Մաքինենին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահի ամենամյա զննման արդյունքները պատրաստ են հրապարակման: Փաստաթուղթն ամբողջությամբ կհրապարակվի շուտով: Եթե կարճ ասեմ, ապա նախագահը նախկինի պես առողջ է»,- ասել է նա:
Թրամփին բուժող բժիշկ Շոն Քոնլիի համապատասխան հայտարարությունը Սպիտակ տան մամուլի ծառայությունը հրապարակել է ճեպազրույցն ավարտվելուց հետո կարճ ժամանակ անց: Փաստաթղթում նշված է, որ նախագահության ժամանակ իր երրորդ կանոնավոր բուժզննումը անցյալ տարվա նոյեմբերից այս տարվա ապրիլ Թրամփն անցել է Մերիլենդ նահանգում Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալում: Խոսքը բուժհաստատություն մի քանի այցելությունների մասին է:
Քոնլին հաստատել է, որ Թրամփն ավելի վաղ ավարտել էր հակամալարիային դեղամիջոց հիդրոքսիքլորոքինի (պլակվենիլ) ընդունման երկշաբաթյա կուրսը՝ որպես նոր կորոնավիրուսի կանխարգելում: Նրա մոտ չի գրանցվել այս դեղի ընդունման հետեւանքով ոչ մի կողմնակի էֆեկտ: «Նա շարունակում է պարբերաբար կորոնավիրուսի ախտորոշման թեստեր անցնել, ներկա պահին դրանց արդյունքները բացասական են»,- ընդգծել է բժիշկը:
«Տվյալները վկայում են, որ նախագահը նախկինի պես առողջ է»,- ամփոփել է Քոնլին:
ԱՄՆ առաջնորդների համար բժշկական հետազոտությունը սովորական պրակտիկա է դարձել 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի տարիներից (նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1969-1974 թվականներին): Այսպիսի զննումների ժամանակ ստուգվում են տեսողությունը, լսողությունը, քթաըմպանային վիճակը, վահանաձեւ գեղձի, թոքերի, սրտի, մաշկածածկույթի, կերակրափողի, մկանների, ոսկորների վիճակը, ինչպես նաեւ գլխուղեղի գործունեությունը: