Կառավարության նիստը մեկնարկեց ՀՀ Առողջապահության ներկայացրած նոր թվերով (Տեսանյութ)
Երեկվա դրությամբ ունեցել ենք մինչ օրս կորոնավիրուսով վարակման արձանագրված դեպքերի ամենամեծ թիվը, թվով 697 նոր արձանագրված դեպք՝ ընդհանուր՝ 11221 վարակման դեպք, 6 մահվան դեպք՝ ընդհանուր թիվը մահերի՝ 176, ծանր վիճակում՝ 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափության սարքերին միացված 15 հոգի, այս մասին այսօր՝ ՀՀ Կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ Թորոսյանի՝ նաև կա մի վտանգավոր միտում, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում: Փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է նորից բռնկում. «Փաստացի հիմա հնարավոր է նման սցենար ունենանք, դրա համար շատ կարեւոր է կանոնների խիստ պահպանումը»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը. «Որպես օրինակ բերեմ, որ այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման: Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ գործընթացը շարունակել այնպես, ինչպես միշտ արել ենք, այսինքն որ ոչ մեկին չթողնենք առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել: Մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն»,-ասաց նա: