Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ում անկարգությունների ճնշման համար ստիպված չի լինի զորքը ներգրավել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարծում, որ ստիպված կլինի օրենքը կիրառել, որը թույլ է տալիս երկրի ներսում զինվորական ուժի օգտագործում անկարգությունների եւ ցույցերի ճնշման համար (Insurrection Act), փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Newsmax TV հեռուստաալիքի հետ հարցազրույցում պետության ղեկավարին հարց էր ուղղվել՝ արդյոք պատրա՞ստ է զորք ուղարկել ամերիկյան քաղաքներ, որտեղ Ջորջ Ֆլոյդի մահվամբ հրահրված ցույցերի եւ դրանց ուղեկցող անկարգությունների շիկացումը առանձնապես մեծ է: «Դա կախված կլինի հանգամանքներից: Չեմ կարծում, որ ստիպված կլինենք այդպես վարվել»,- պատասխանել է Թրամփը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քելի Մաքինենին երեկ լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում կգործարկի 1807 թվականի օրենքը, որը պետության ղեկավարին իրավունք է տալիս երկրի ներսում զինված ուժերի օգտագործում: Վերջին անգամ դրան դիմել են 1992 թվականին Լոս Անջելեսում անկարգությունների ժամանակ: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը չորեքշաբթի Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ հանդես էր եկել այս գաղափարի դեմ: Նրա կարծիքով՝ «որպես իրավապահ մարմիններ կանոնավոր զորքերին արժե դիմել միայն որպես ծայրահեղ միջոց եւ միայն ամենաանհետաձգելի ու ծանր իրավիճակներում»: