ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի՝ տեսակապի ձևաչափով զրույցը ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորա Բենավենտեի հետ
Հունիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ, քաղաքական տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեի միջև զրույցը՝ տեսակապի ձևաչափով։
Կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսային համավարակին, ՀՀ ներքին բարեփոխումներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագային և ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Մասնավորապես, ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է համավարակով պայմանավորված իրադրությունը Հայաստանում և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության համար։
Շեշտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և դրա արդյունավետ կիրարկման կարևորությունը՝ այդ թվում ՀՀ կառավարության կողմից որդեգրված հավակնոտ բարեփոխումների կյանքի կոչմանը խթանելու տեսանկյունից։
Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը։
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը և ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակներում առաջիկայում հեռավար ձևաչափով կայանալիք միջոցառումներին: