Սպիտակ տունը չի ժխտում, որ ԱՄՆ-ում համակարգային ռասիզմը չի վերացել
Սպիտակ տունը չի վիճում, որ Միացյալ Նահանգներում համակարգային ռասիզմը դեռ արմատախիլ չի արվել, լրագրողների հետ զրույցում հաստատել է Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյը՝ մեկնաբանելով երկրում բռնկված լայնամասշտաբ բողոքի ցույցերի եւ անկարգությունների ալիքը՝ ոստիկանության կողմից սեւամորթ բնակչության դեմ ուժի անհամաչափ կիրառման նոր դեպքերի պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դա հենց այդպես է, այս երկրում կա ինստիտուցիոնալ ռասիզմ, բոլոր մարդկանց հավասարության բացակայություն: Դրանում, կարծում եմ, կասկած չկա»,- ասել է Դոնալդ Թրամփի օգնականը: Ըստ նրա՝ «կա անհավասարություն եւ կա ինստիտուցիոնալ ռասիզմ շատ տեղերում եւ շատ մարդկանց սրտերում» Միացյալ Նահանգներում»: «Նախագահը անխոնջ աշխատում է»՝ այդպիսի խնդիրներն արմատախիլ անելու համար, վստահեցրել է Քոնուեյը:
Նա խստորեն դատապարտել է իրավապահ մարմինների գործողությունները Մինեապոլիսում (Մինեսոտա) տեղի ունեցած միջադեպի ժամանակ, ինչը խթան էր հանդիսացել ներկայիս անկարգությունների համար: Քոնուեյը տեղի ունեցածը «Ջորջ Ֆլոյդի սպանություն» է անվանել:
«Ես [նկարագրության համար] այլ բառեր չունեմ»,- շեշտել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարի խորհրդականը: «Ես ուրախ եմ, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել դաշնային մակարդակում [Ֆլոյդի մահվան հանգամանքների վերաբերյալ]: Տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա»,- նշել է Քոնուեյը: