Վեոլիա Ջուրը Մերձավանում կչեղարկի 5 օրվա ջրի ծախսը
Ինչպես արդեն հայտնի է, երեկ երեկոյան Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի է ունեցել արտակարգ պատահար. ոչ հեռու գտնվող խոզաբուծական համալիրի կողմից վնասվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրագիծը, ինչի պատճառով գյուղի ջրամատակարարման համակարգ էին ներթափանցել կեղտաջրեր:
Ձեռնարկված միջոցների շնորհիվ գյուղի մեծ մասն արդեն ապահովվել է ջրով՝
այլընտրանքային խողովակաշարի միջոցով: Մյուս մասի ջրամատակարարման
կարգավորման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ մինչ այդ,
ընկերությունը բնակիչներին խմելու ջուր կմատակարարի ավտոցիստեռնով՝ շրջիկ
եղանակով: «Վեոլիա Ջուր»–ը հոգալով բնակիչների առողջության մասին, կոչ է անում
մատակարարվող ջուրն առայժմ օգտագործել բացառապես տեխնիկական
նպատակներով, մինչև կլինեն լաբորատոր հետազոտությունների վերջնական
արդյունքները։
Բացի այդ, հոգալով սպառողների առողջության և անվտանգության մասին, «Վեոլիա
Ջուր»–ը արտակարգ պատահարի մասին տեղեկացրել է նաև ՀՀ Առողջապահության
նախարարությանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և այլ
շահագրգիռ կառույցների։
Միաժամանակ, ստեղծված իրավիճակում բացառելու համար ջրի անարդյունավետ
ծախսի պատճառով բաժանորդների կողմից որևէ ֆինանսական կորուստ, «Վեոլիա
Ջուր» ՓԲԸ-ն որոշում է ընդունել չեղարկել նրանց 5 օրվա ջրի միջին ծախսը:
Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր»–ը ձեռնարկում է օրենսդրությամբ նախատեսված
քայլեր մեղավոր կողմին իրավական պատասխանատվության ենթարկելու համար։