Թուրքիայի Մարդին նահանգի քարանձավներից մեկում հայտնաբերվել են մոտ 40 մարդկային գանգեր
Թուրքիայի Մարդին նահանգի քարանձավներից մեկում հայտնաբերվել են մոտ 40 մարդկային գանգեր, որոնք հավանաբար պատկանել են չբացահայտված սպանությունների զոհերին, հղում անելով Ahval-ին հաղորդում է Mezopotamya news agency-ն։
Մարդինի Մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահ Ֆեւզի Ադսիզը ենթադրում է, որ մնացորդները պատկանում են բռնության զոհերին, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են 1990-ականներին գործող պետական անվտանգության JİTEM գաղտնի ստորաբաժանման գործունեության հետ, որը պատասխանատու է տասնյակ չբացահայտված սպանությունների համար:
1993-ին կալանավորելուց հետո անհետացածներից մեկի որդին՝ Իրֆան Յակուտը Դարգեչիտ գյուղի Գյուլբիշի քարանձավում մի քանի ոսկորներ է գտել: Այնուհետեւ լրացուցիչ ստուգումներ անցկացնելու խնդրանքով նա դիմել է Դարգեսիտ քաղաքի գլխավոր դատախազություն։
Քննությունների արդյունքում պարզվել է, որ քարանձավում կան 40 մարդու գանգեր եւ ոսկորներ, որոնք կուղարկվեն Ստամբուլի դատաբժշկական ինստիտուտ:
1990-ականներին, Թուրքիայի իշխանությունների եւ Քրդական աշխատավորական կուսակցության միջեւ բախումների հետեւանքով հարյուրավոր մարդիկ ենթարկվել են ոչ պաշտոնական ձերբակալությունների եւ արտադատական մահապատժի: Դարգեչիտի տարածքում տասնյակ մարդիկ անհետացել են, իսկ նրանց մնացորդներն առայժմ չեն հայտնաբերվել