Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների հերթական աճ
Իրանում կրկին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության աճ՝ գրեթե 3 հազար նոր դեպք, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Մեզ մոտ կորոնավիրուսով հիվանդության համեմատական աճ կա, անցած մեկ օրում հաջողվել է հայտնաբերել 2 979 նոր դեպք: Դրանց ընդհանուր թիվը հասել է 154 445-ի: Ապաքինվել է 121 004 մարդ»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ անցած 24 ժամում մահացել է 81 մարդ, ինչը նույնպես աճ է նախորդ օրերի համեմատությամբ: Փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, ընդհանուր մահացել է 8 878 մարդ:
Դեռեւս նախօրեին հայտնաբերվել էր հիվանդության 2,5 հազարից մի փոքր ավելի նոր դեպք:
Իրանում վերջին ամսում դիտվում է կորոնավիրուսի թռիչքաձեւ տարածում. անկումները փոխարինվում են աճով եւ հակառակը: Այսպես՝ մայիսի սկզբին մեկ օրում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման ընդամենը 802 նոր դեպք (առավելագույնը եղել էր մարտի վերջին՝ 3186), իսկ արդեն մայիսի 29-ին՝ 2 819, ինչն ամենամեծ ցուցանիշն էր մարտի վերջին-ապրիլի սկզբին հիվանդացության գագաթնակետն անցնելուց հետո (երկրում վերջին անգամ 2,5 հազարից ավելի դեպք էր գրանցվել ապրիլի 4-ին):