Լրատվամիջոցները տեղեկացել են բողոքի ցույցերի ժամանակ Նյու Յորքի քաղաքապետի դստերը ձերբակալելու մասին
Շաբաթ՝ մայիսի 30-ի երեկոյան ոստիկանները Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի դստերը ձերբակալել են բողոքի ցույցերի ժամանակ, որոնք հարուցել էր իրավակարգի պահապանների կողմից ձերբակալելիս աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը: Այս մասին հայտնում է New York Post պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ 25-ամյա Քյարա դե Բլազիոն ձերբակալվել է Մանհեթենում: Աղբյուրը հայտնել է, որ նա մյուս ցուցարարների հետ միասին արգելափակել էր 2 փողոցների խաչմերուկում երթեւեկությունը եւ ձերբակալվել է այն բանից հետո, երբ ցուցարարները հրաժարվել են կատարել երթեւեկելի հատվածն ազատելու մասին ոստիկանների պահանջը:
Աղբյուրը նաեւ հայտնել է, որ այս վայրում այրում էին ոստիկանական մեքենաներ, մարդիկ բախումների մեջ էին մտնում իրավապահների հետ:
«Այդ ժամանակ այս շրջանում հազարավոր մարդիկ են եղել»,- հավելել է պարբերականի աղբյուրը:
Հրապարակման մեջ նշվում է, որ ձերբակալվելիս աղջիկը չի հայտնել, որ քաղաքապետի դուստրն է:
Մինեապոլիսի ոստիկանության աշխատակիցները մայիսի 25-ին ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Ձերբակալելիս ոստիկանը ծնկով սեղմել էր տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել էր, որ շնչահեղձ է լինում, բայց իրավակարգի պահապանները դրան ուշադրություն չէին դարձրել: Արդյունքում տղամարդը մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: Սա ԱՄՆ-ում հարուցել էր զանգվածային ցույցեր եւ անկարգություններ: