NYT. Թրամփը Վաշինգտոնում անկարգությունների ժամանակ թաքնվել էր ստորգետնյա բունկերում
Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Սպիտակ տան մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թաքնվել էր Վաշինգտոնի կենտրոնում գտնվող ստորգետնյա բունկերում, հայտնում է The New York Times-ը:
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ այս որոշումն ընդունվել է շաբաթ լույս գիշերը ցույցերի թեժ ժամանակ: Դա պնդել են ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները: CNN հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թրամփն ապաստարանում է անցկացրել ոչ լրիվ մեկ ժամ: Առայժմ չի հստակեցվում՝ արդյո՞ք այնտեղ են գտնվել նաեւ նրա ընտանիքի անդամները:
Պարբերականը նշում է, որ որոշ աշխատակիցների թույլ են տվել Սպիտակ տուն աշխատանքի չգալ անկարգությունների վերսկսման սպառնալիքի պատճառով:
The New York Times-ը նշում է, որ ըստ գոյություն ունեցող կանոնների՝ ԱՄՆ առաջնորդը, այդ բունկեր է իջնում այն դեպքերում, երբ Սպիտակ տանը «վտանգ է սպառնում»: Այս ապաստարանում է, մասնավորապես, թաքնվել Դիկ Չեյին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների լույսի ներքո, որն այդ ժամանակ ԱՄՆ փոխնախագահն էր: Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը նույնպես բունկեր է իջել, երբ տեղեկություն էր ստացվել ահաբեկիչների կողմից օդանավ առեւանգելու մասին: Ավելի ուշ պարզվել է, որ տագնապը կեղծ էր:
Սպիտակ տան դիմաց վերջին մի քանի օրերին ընթացել են բողոքի ցույցեր, որոնք ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով: Ցուցարարները կարգի պահապանների վրա են նետել պլստիկե շշեր, ճայթռուկներ:
Ամերիկյան մի քանի նահանգներում ցույցերն ու զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու մեջ: Սպիտակամորթ ոստիկանները սեւամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ են հագցրել եւ վայր գցել գետնին: Կարգի պահապաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի պարանոցը՝ անտեսելով Ֆլոյդի բղավոցները, որ չի կարողանում շնչել: Աֆրոամերիկացին շուտով մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Մայիսի 26-ին իրավակարգի պահպանման 4 աշխատակցին էլ հեռացրել են, նրանցից մեկը կալանավորվել է ոչ դիտավորյալ կատարած սպանության մեղադրանքով: