Առաջին անգամ հայաստանյան հրատարակիչները համախմբվել են՝ իրականացնելով կրթադաստիարակչական կարևոր արշավ
Հայաստանյան առաջատար հրատարակչություններն առաջին անգամ համախմբվել են՝ համատեղ ջանքերով իրականացնելով կրթադաստիարակչական կարևոր արշավ, որն ուղղված է գրքերի անօրինական տարածումների դեմ։ «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն առանձնահատուկ կարևորում է այն փաստը, որ մարդիկ տեղեկացված լինեն՝ չի կարելի տարածել հեղինակային իրավունք ունեցող գրքերի պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերը՝ խախտելով հրատարակիչների, ստեղծագործողների, թարգմանիչների, նկարազարդողների և շատ ու շատ այլ մարդկանց հեղինակային և հարակից իրավունքները:
«Պետք է ասել, որ մարդկանցից շատերը, ովքեր զբաղվում են գրքերի անօրինական տարածմամբ, ընդհանրապես տեղյակ չեն, որ օրենք են խախտում, և երբ սկսում ես մարդկանց բացատրել, հասկանում են իրենց սխալը, անգամ հետագայում սկսում են նման բաներ անող մարդկանց գրառումների տակ մեկնաբանություններ անել՝ խնդրելով չտարածել ֆայլերը։ Մոտակա ամիսներին բոլոր հրատարակչություններով փորձելու ենք մարդկանց իրազեկել, որ նման խնդիր է առկա»,-նշում է Շավարշ Կարապետյանը։
«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրենն առանձնահատուկ շեշտում է՝ օրենքից անտեղյակները շատ հաճախ տարածում են նաև սովետական շրջանի գրքերի թարգմանություններ, որոնք ամբողջությամբ չեն արտացոլում բնագիր գիրքը, կրճատված են, գրաքննված, ինչպես, օրինակ, Էրիխ Մարիա Ռեմարկի գործերի դեպքում է։ Ընդ որում՝ սկանավորված էջերը որակով շատ վատն է, այդպիսով, կամա թե ակամա ընթերցողի առողջությանը ևս կարող է վնաս հասցվել։ Մյուս կողմից՝ այդ թարգմանություններն անորակ են, և այդպիսով մարդիկ չեն կարդացել օրիգինալը, այլ սղագրված տարբերակը։ Հայաստանյան հրատարակիչների մեծ ցանկությունն է խուսափել ընթերցողի հիասթափություններից ու առողջությանը վնասելու գործընթացից։
Պետք է առանձնահատուկ շեշտել, որ վերջին տարիներին հայաստանյան հրատարակչական դաշտը շատ է զարգացել։ Բոլոր գրքերը տպագրվում են հեղինակային իրավունքով և բոլոր լավագույն գրքերը՝ բեսթսելերները հայերեն թարգմանելու ու հրատարակելու համար պայքար է գնում հայաստանյան հրատարակչությունների միջև, ինչը շատ ոգևորող է»,-նշում է Շավարշ Կարապետյանը։
Նա նաև ընդգծում է, որ եթե գրքերի անօրինական տարածումներն էլ ավելի մեծ թափ ստանան, հրատարակչական դաշտի զարգացումը կարող է դադարել, քանի որ վաղը հնարավոր չի լինի նոր գիրք հրատարակել։
Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ թափ է ստացել գրքերի անօրինական տարածումները՝ պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տեսքով։ Եվ այդ խնդիրը լուծելու նպատակով հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։ Նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն», «Արմավ» հրատարակչությունները։ Բոլոր հրատարակչությունների մասնակցությամբ իրականացվում է մեծամասշտաբ կրթադաստիարակչական արշավ՝ ընդդեմ գրքերի անօրինական տարածումների։
#ՄիՍպանիրՎաղվաԳիրքը արշավի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նախաձեռնության PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ