Թուրք նախարարը հպարտացել է հայկական եկեղեցու խաչը պոկած եւ Դինքի կնոջը մահով սպառնացած անձանց արագ ձերբակալելով
Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարություն է արել Հրանտ Դինքի կնոջը մահվան սպառնալիքներով նամակ ուղարկելու եւ հայկական եկեղեցու խաչը պոկելու դեպքերի հետ կապված։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, թե Ուսքյուդարի հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկած անձին ձերբակալել են 24 ժամվա մեջ, իսկ Հրանտ Դինքի կնոջը նամակով մահվան սպառնալիքներ ուղարկած անձը հայնտաբերվել եւ ձերբակալվել է է ավելի կարճ ժամանակահատվածում։
«Թույլ չենք տալու, որ սադրանքներ լինեն։ Վստահեք թուրքական ոստիկանությանը»,–ասել է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։
Նշենք, որ մայիսի 29–ին Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, որ անհայտ անձը մահվան սպառնալիքներով նամակ է ուղարկել հիմնադրամի անդամներին, Հրանտ Դինքի կնոջ եւ Դինքի փաստաբանին ուղղված։
Նամակ ուղարկողը ձերբակալվել է Կոնիա քաղաքում։
Հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվելուց երկու ժամ հետո ազատ է արձակվել։