Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գործը հայ ընթերցողի սեղանին է
Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը հայերեն թարգմանությամբ դրվել է ընթերցողի սեղանին: Գիրքը հայ ընթերցողին են ներկայացնում «Էդիթ Պրինտ» և «Կարապ» հրատարակչությունները:
«Մենք արդեն իսկ բնագրային թարգմանությամբ լույս ենք ընծայել դետեկտիվի թագուհու «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» և «Եվ ոչ ոք չմնաց…» բեսթսելերները։ Այժմ հերթը «Սպանություններ այբբենական կարգով» գործինն է, որը հեղինակի լավագույն գործերից է։ Վեպի հիմնական առանձնահատկությունը պատմողի փոփոխությունն է։ Սկզբում այն ներկայացվում է առաջին դեմքից, այնուհետև պատումը հյուսվում է երրորդ դեմքով» ,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը։
Հրատարակչությունների տարածած հաղորդագրության համաձայն, 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանն իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները:
Ագաթա Քրիստին գրանցված է «Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում»՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից:
Նրա պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Հեղինակի գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով:
«Սպանություններ այբբենական կարգով» գրքի թարգմանիչն է Էդիտա Շադոյանը։ Առաջիկայում ընթերցողի սեղանին հայերեն թարգմանությամբ կդրվեն Քրիստիի մյուս բեսթսելերները:
Աղբյուր` Panorama.am