Twitter-ը Թրամփի հաղորդագրությունը նշել է որպես բռնության արդարացման արգելքի խախտում
Twitter-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրությունը նշել է որպես բռնության արդարացման արգելքի խախտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Թրամփը գրառում էր կատարել, որում հայտնել էր, որ հսկողություն կսահմանի Մինեապոլիսում, եթե քաղաքապետ Ջեյկոբ Ֆրեյը չկարողանա կանգնեցնել անկարգությունները, որոնք սկսվել էին աֆրոամերիկացու մահվան լուրից հետո:
«Ես չեմ կարող մի կողմ քաշվել եւ պարզապես նայել, թե ինչ է կատարվում ԱՄՆ հզոր Մինեապոլիս քաղաքում: Այնտեղ բացակայում է առաջնորդությունը: Կամ թույլ քաղաքապետ՝ ձախ ռադիկալ Ջեյկոբ Ֆրեյը, իրավիճակը հսկողության տակ կառնի, կամ ես այնտեղ կուղարկեմ Ազգային գվարդիային: Ես հենց նոր խոսել են նահանգապետ Թիմ Ուոլզի հետ եւ ասել նրան, որ զինվորականների կուղարկեմ: Մենք հսկողություն կսահմանենք այնտեղ, սակայն երբ գողություններ են սկսվում, սկսվում է նաեւ հրաձգություն»,-գրել էր Թրամփը:
Այժմ Թրամփի հաղորդագրությունը նշվել է որպես զգուշացում, որում ասվում է, որ այդ գրառումը «խախտում է բռնության հերոսացման նկատմամբ սոցցանցի կանոնները»: Բացի այդ, սոցցանցի աշխատակիցները նշել են, որ չեն փակի այդ հաղորդագրության հասանելիությունը, քանի որ այն «կարող է հասարակական հետաքրքրության առարկա դառնալ»:
Ավելի վաղ Twitter-ը Թրամփի գրառումներից մեկը նշել էր հատուկ նշանով, որն ընթերցողներին նախազգուշացնում է այն մասին, որ գրառման մեջ պարունակվող տեղեկատվությունը կարող է կեղծ լինել եւ լրացուցիչ ստուգում է պահանջում: Այդպիսով սոցիալական ցանցն արձագանքել էր նախագահի հայտարարություններին այն մասին, որ դեմոկրատները, փոստով քվեաթերթիկներ ուղարկելով մի քանի նահանգի բնակիչներին նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին քվեարկության համար, փորձում են պայմաններ ստեղծել խարդախությունների համար: Նախօրեին Թրամփը սոցցանցերի գործունեության կարգավորման մասին հրամանագիր էր ստորագրել: