Աստված չանի՝ մեր վերակենդանացման բաժիններում տեղ չլինի. Հիշեք՝ այդ տեղը կարող է պետք լինել ձեր հարազատին. Փաշինյան
Մենք վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների զբաղվածության շատ բարձր ցուցանիշ ունենք: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Աստված չանի, որ մենք բախվենք այնպիսի իրավիճակի, որ մեր վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի: Եթե ֆիզիկապես զբաղված լինեն վերակենդանացման բաժանմունքի բոլոր մահճակալները, հիշեք, որ այդ պակասող տեղը կարող է անհրաժեշտ լինել ձեր հարազատին, ձեր ընտանիքի անդամներին, անձամբ ձեզ: Կոչ եմ անում իրավիճակին այդպես նայել»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով իրականացվող ռեյդերին, վարչապետն ասաց. «Վերջին օրերին կիրառել ենք անսպասելի ռեյդերի պրակտիկան, երբ որոշակի համայնքներում ոստիկանության մեծ ուժեր մտնում են մի տարածք եւ ստուգում են, թե որքանով են պահվում կանոնները: Փակվում են տնտեսվարողներ, ձեռնարկություններ: Չի բացառվում, որ առաջիկայում սկսենք 3-4 օրով, մեկ շաբաթով նման պատժամիջոց կիրառենք»: