Իրանում տասներկու տարում առաջին անգամ փոխվել է խորհրդարանի ղեկավարը
Իրանի խորհրդարանի նոր ղեկավար է դարձել Թեհրանի նախկին քաղաքապետ, ոստիկանության նախկին ղեկավար եւ զինվորական Մոհամմադ-Բաղեր Գալիբաֆը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRIB-ն:
Փետրվարին ընտրված 11-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքը սկսեց նախօրեին: Հինգշաբթի Գալիբաֆը պատգամավորների քվեարկությամբ ընտրվեց խորհրդարանի ղեկավար:
Իրանի խորհրդարանի նախկին ղեկավար Ալի Լարիջանին, որը 2008 թվականից անփոփոխ կերպով ղեկավարում էր երեք գումարումների օրենսդիր մարմինը, 2019-ի վերջին հայտարարեց, որ չի պայքարելու պատգամավորական աթոռի համար եւ վերջերս պատմեց համալսարանում դասավանդելու ցանկության մասին:
Մոհամմադ-Բաղեր Գալիբաֆը ծնվել է 1961-ի օգոստոսի 23-ին Իրանի հյուսիս-արեւելյան մասում գտնվող Թորքաբե անունով փոքրիկ գյուղում: 1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակից եւ Իրանի եւ Իրաքի միջեւ պատերազմի սկսվելուց հետո նա 19-ամյա հասակում նշանակվեց Իմամ Ռեզայի բրիգադի հրամանատար, իսկ մեկ տարի անց՝ Նասր դիվիզիայի հրամանատար: 2000-ից մինչեւ 2005 թվականը ղեկավարել է Իրանի իրավապահ ուժերը: