Պետքարտուղարությունում մտադիր են շարունակել Իրանի «դիվանագիտական մեկուսացման» քաղաքականությունը
Միացյալ Նահանգները կշարունակի Իրանի վրա տնտեսական ճնշման եւ նրա «դիվանագիտական մեկուսացման» արշավը: Այս մասին հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը: Զրույցի սղագրությունը տարածել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Դոնալդ Թրամփի առավելագույն ճնշում ցուցաբերելու արշավը զսպել է Իրանին եւ աննախադեպ մեթոդներով նրան հակազդել: Մենք կրոնական ղեկավարությանը զրկել ենք ահռելի միջոցներից»,- պնդել է Հուկը: Նրա կարծիքով՝ իրանական ղեկավարությունը կանգնած է ընտրության առջեւ՝ «[ԱՄՆ-ի հետ] բանակցություններ վարել կամ լուծել տնտեսական կոլապսը»:
Հատուկ ներկայացուցիչը նաեւ ենթադրել է, որ իրանական տնտեսությունն իբր «խոր անկման» վիճակում է, իսկ արտասահմանյան պահուստներին հասանելիությունը նվազագույն է: «ԱՄՆ-ն հաջողությամբ շարունակում է առավելագույն տնտեսական ճնշման ցուցաբերման եւ դիվանագիտական մեկուսացման ռազմավարությունը»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն չորեքշաբթի հայտնել էր, որ Վաշինգտոնը որոշել է դադարեցնել պատժամիջոցների ռեժիմից ժամանակավոր բացառությունները, որոնք Թեհրանին թույլ են տալիս ԳՀՀԾ անդամ երկրներից օգնություն ստանալ ատոմի խաղաղ յուրացման ոլորտում:
Չեղարկված բացառությունները Ռուսաստանի, Չինաստանի եւ եվրոպական երկրների ընկերություններին թույլ էին տալիս շարունակել Իրանի միջուկային օբյեկտներում ատոմային էներգետիկայի խաղաղ օգտագործման գործունեությունը՝ չվտանգվելով հայտնվել ամերիկյան սահմանափակող միջոցառումների գործողության տակ: Սա ուղիղ կերպով առնչվում է Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորին, որը Իրանը ԳՀՀԾ-ի շրջանակում մյուս երկրների աջակցությամբ պետք է վերակառուցեր խաղաղ նպատակներով միջուկային հետազոտությունների անցկացման համար, ինչպես նաեւ Թեհրանում հետազոտական ռեակտորը հարստացված ուրանով ապահովելուն, Իրանից մշակված վառելիքի դուրսբերմանը:
ԱՄՆ վարչակազմը միջազգային ընկերություններին 60 օր է հատկացրել այս օբյեկտներին առնչվող գործունեության դադարեցման համար: