ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 100 հազարից
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը: Երեկ այսպիսի տեղեկություն է հրապարակել Ջոն Հոփքինսի համալսարանը, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համալսարանի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում ներկայումս կորոնավիրուս է ախտորոշվել 1 695 766 մարդու մոտ, դրա բարդությունների հետեւանքով մահվան դեպքերի թիվը կազմում է 100 047: Ապաքինվել է 384 902 մարդ:
Կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը գրանցվել էր 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, իսկ հետագայում տարածվել էր երկրների մեծ մասում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին այն համավարակ էր ճանաչել: Համավարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,6 մլն մարդ, մոտ 350 հազար մարդ մահացել է: