Հեռավար «ԴասԱ» հանդիպում՝ «Անկախության սերունդ» ծրագրի մասնակիցների հետ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վարեց հերթական հեռավար «ԴասԱ» հանդիպումը։ Այն
նվիրված էր «Անկախության սերունդ» համերգին‚ որը տեղի էր ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի օրը։ Ուղիղ եթերում
մաեստրո Սմբատյանը հանդիպել է այն աշակերտների հետ, որոնք ելույթ
են ունեցել «Անկախության սերունդ» նվագախմբի և երգչախմբի կազմում, և պատասխանել նրանց հարցերին։
Հիշեցնենք‚ որ «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբը և նվագախումբը, որի ստեղծման գաղափարի հեղինակն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, բացառիկ էր նրանով, որ առաջին անգամ մեկ երեկոյի ընթացքում միևնույն բեմում հանդես եկան անկախության սերնդի 1144 հայ երաժիշտ-կատարողներ:
Ուշագրավ է‚ որ «ԴասԱ» ծրագրի շրջանակներում այցելելով ավագ դպրոցներ՝ ծրագրի կազմակերպիչները հաճախ են հանդիպել «Անկախության սերունդ»
նվագախմբի և երգչախմբի երաժիշտների հետ‚ որոնք պատմում էին իրենց տպավորությունների մասին։
Հեռավար դասի ընթացքում Սերգեյ Սմբատյանը‚ ներկայացնելով «Անկախության սերունդ» նվագախմբի և երգչախմբի կազմավորման գաղափարը‚ նկատեց‚ որ իրենց նպատակն էր ցույց տալ‚ որ անկախության տարիներին մեծացել է բարձր արժեքների հիման վրա դաստիարակված մի սերունդ‚ որը կարող է ամենապրոֆեսիոնալ կերպով
ներկայանալ մեծ բեմերում։ Ըստ մաեստրո Սմբատյանի՝ այս ծրագրով իրենք ցույց տվեցին‚ որ անկախության սերունդը սիրում է դասական երաժշտությունը‚ դրա կրողն ու տարածողն է։
Հանդիպման ընթացքում պատանի երաժիշտները ներկայացրին իրենց տպավորությունները «Անկախության սերունդ» համերգից։ Նրանք‚ մասնավորապես‚ նշեցին‚ որ իրենք‚ բացարձակապես չունենալով նվագախմբում ելույթ ունենալու փորձ‚ կարողացան շատ կարճ ժամանակում պարապմունքների միջոցով հմտանալ‚ ձեռք բերել
մասնագիտական նոր որակներ և մեր երկրի համար պատասխանատու այդ օրը ներկայանալ հանդիսատեսին։
Պատասխանելով աշակարտներից մեկի հարցին‚ թե ինչ առանձնահատկություն ունի պատանի երաժիշտների հետ աշխատանքը‚ Սերգեյ Սմբատյանը նշեց‚ որ ծրագիրը բավականին բարդ էր‚ սակայն նվագախումբն ուներ անհավանական մեծ ցանկություն՝ այն լավագույնս կատարելու համար։ Եվ այդ անհավանական մեծ ցանկությունն օգնեց
ներկայանալի երեկո պարգևելու համար։ Դիրիժորն ընդգծեց‚ որ գեղարվեստական առումով ինքը տարբերություն չի զգացել՝ աշխատում է պրոֆեսիոնալ նվագախմբի‚ թե նվագախմբային աշխատանքի փորձ չունեցող երիտասարդ երաժիշտների հետ։ Սերգեյ Սմբատյանը նաև նկատեց‚ որ «Անկախության սերունդ» նվագախմբի և երգչախմբի հետ
աշխատելիս ինքն էլ շատ բաներ է սովորել։
Հանդիպմանը ներկա երաժիշտները հույս էին հայտնում‚ որ նախագիծը կլինի շարունակական‚ և իրենք հետագայում նույնպես հնարավորություն կունենան մասնակից դառնալ նման մեգանախագծի։
Տեղեկացնենք‚ որ «Անկախության սերունդ» համերգային ծրագրի առցանց ցուցադրությունը տեղի կունենա Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման օրվա կապակցությամբ։ Այն կներկայացվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջով։
Հեռավար «ԴասԱ» հանդիպումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝
https://bit.ly/2A3VQTv