1701 թվականի այս օրը հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը
Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։
Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում։ Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապաՍևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թ. Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։
Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսի կանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թ. մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թ. Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։