Հայ մշակույթի նշանավոր գործիչներ. Մեսրոպ Մաշտոց (Մաս 1)
Մեսրոպ Մաշտոցը՝ հայ գրերի ստեղծողը և մատենագրության հիմնադիրը, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում կիսազատ գյուղացո ընտանիքում: Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362թ.: Վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին: Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է: Մեսրոպի աշակերտ և կենսագիր Կորյունի, ինչպես և մեր մյուս պատմիչների (Փարպեցի, Խորենացի և այլք) վկյայության համաձայն, Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում՝ Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես ատենադպիր և զինվորական: Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էր գրագրությունները: Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում՝ ստուգապես հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են, ըստ որում՝ Կորյունը գրում է, թե նա «իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին»:
Չնայած պաշտոնի մեջ ունեցած առաջադիմությանը, Մեսրոպը թողնում է զինվորական ծառայությունը, ընդունում է հոգևոր կոչում և իրեն նվիրում ճգնավորության, իր կյանքն անցկացնում մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում: Այս ճգնակեցության ժամանակ նա իրեն ընկերակից է դարձնում նաև ուրիշների, որոնք, ամենայն հավանականությամբ, իր հետևորդները կամ աշակերտները դարձան: Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթան գավառի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները: Նրան ընդառաջ է գալիս տեղի իշխան Շաբիթը, հյուրընկալում սիրով ու հնարավորություն տալիս ծավալելու քարոզչական գործունեություն:
Կորյունի վկայությամբ, նա դարձի, այսինքն՝ քրիստոնեական դավանանքի է բերում Գողթն գավառի ժողովրդին:
Այս հաջողությունը, սակայն, բավարարություն չի տալիս Մեսրոպին: Նա մտահոգված էր ամբողջ ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով: Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր և հղի էի շատ լուրջ հետևանքներով: Բաժանված լինելով երկու մեծ տերությունների՝ հռոմեական և պարսկական պետությունների միջև, հայ ժողովուրդը, փաստորեն, կորցրել էր ոչ միայն միասնականությունն ու անկախությունը, այլև ընկել էր քաղաքական և մշակութային տարբեր ազդեցությունների տակ: Հռոմեական գերիշխանության տակ գտնվող մասը վեր էր ածվել բյուզանդական կայսրությայն մի կուսակալության, որը կառավարվում էր կայսեր կողմից նշանակաված «կուսակալի» կամ «զորավարի կողմից»: Արևելյան մասը, որ ենթակա էր Պարսկաստանին, թեև անվանապես դեռ պահպանում էր իր թագավաորությունը, բայց կախման մեջ էր պարսկական արքայից արքայի իշխանությունից: Երկրի երկատվածությունը մի կողմից, սեփական գրի ու գրականության բացակայությունը մյուս կողմից, սպառնում էին հայ ժողովրդին հետագա ավելի աղետալից ճակատագիր: Երկրում, իբրև պետական և ուսումնական ու կրոնական-պաշտամունքային լեզու տիրապետում էին հունարենն ու ասորերենը: Այս վիճակը հայ ժողովրդին զրկում էր քրիստոնեական կրոնը մայրենի լեզվով ընկալելու և այն հասկանալու հնարավորությունից, և զարմանալի չէ, որ քրիստոնեությունն իբրև պաշտոնական կրոն Հայաստանում ընդունելուց հարյուր տարի հետո էլ ժողովրդի զգալի մասը անհաղորդ էր նրան: Ժողովուրդը պետք է մաքառեր իր քաղաքական, տնտեսական ու մշակութային միասնության ու անկախության, նույնիսկ իր ֆիզիկական գոյության համար: Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ, ըստ որում, արևելյան մասում թեև պարսկական գերիշխանությունը դեռևս հանդուրժում էր քրիստոնեական կրոնը, բայց, ինչպես պատմություն ցույց տվեց, այդ հանդուրժողականությունը երկար տևել չէր կարող: Պարսից թագավորները ձգտում էին վերացնել քրիստոնեական կրոնը և հայերին պարտադրել զրադաշտական կրոնը, որը, ինչպես հայտնի է, հանգեցրեց Վարդանանաց պատերազմին, ըստ որում այդ բռնի կրոնադարձությունն, ըստ էության նշանակում էր հայերի ձուլումը պարսիկներին: Այս պայմաններում զարմանալի չէր Մեսրոպի մտահոգությունը: Նա արևելյան մասի մի հատվածում՝ Գողթնում, քարոզչական գործունեության փորձից համոզվեց, որ գույություն ունեցող պայմաններում ժողովրդական զանգվածները չէի կարող քրիստոնական կրոնը հարկ եղած չափով ընկալել, քանի որ այն, ինչպես ասացինք, քարոզվում էր հունարեն կամ ասորերեն լեզուներով, որոնք մատչելի չէին ունկնդիրներին: Եվ որովհետև տվյալ պայմաններում հայ ժողովրդի մեջ քրիստոնեության տարածումն ու արմատավորումը լոկ կրոնական խնդիր չէր, այլև քաղաքական, քանի որ նպատակ ուներ պատվար ստեղծել ձուլման վտանգը կանխելու համար, ապա բնականաբար Մեսրոպը շավ ավելի մեծ ընդգրկումով էր ցանկանում լուծել հայ ժողովրդի քրիստոնեական կրոնին հաղորդակից դարձնելու խնդիրը, քան այն, ինչի ինքը հասել էր քարոզչական գործունեությամբ: Այս ամենը համառոտ, բայց շատ բնորոշ բնութագրում է Կորյունը. «Եվ երբ նրանց մեջ սերմանեց կյանքի խոսքը, հատկապես մեծամեծ հրաշքներ երևացին գավառի բնակիչներին... նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն աշխարհի (այսինքն՝ Հայաստանի) ժողովրդին մխիթարելու մասին, (ուստի) և ավելացրեց մշտամռունչ աղոթքն ու բազկատարած պաղատանքն առ աստված և անդադար արտասուքը, մտաբերելով առաքյալի խոսքը. և ասում էր հոգալով.«Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար»:
Եվ այնպես տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված և մտածմունքների ծփանքների մեջ էր ընկած, թե արդյոք ինչպիսի ելք գտնի այդ բանի համար»: Այս մտածմունքների ու հոգսերի մեջ էլ, ահա, ինչպես վկայում են Խորենացին ու Փարպեցին, Մեսրոպը հղանում է հայկական գրել ստեղծելու գաղափարը:
Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է Վաղարշապատ և դիմում Սահակ կաթողիկոսին: Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի և միանգամայն պատրաստակամորեն ընդունում է Մեսրոպի առաջարկը: Երկուսով հայ գրերի ստեղծման մտքով ոգևորված, գումարում են ընդհանրական ժողով, որը հավանություն է տալիս այդ ոգևորիչ ծրագրին: Գրի և գրականության ստեղծմամբ հայ եկեղեցին, հայ հոգևորականները ձգտում էին նաև հոգևոր ու մշակութային մարզերում ազատվել հունական ու ասորական եկեղեցիների ազդեցություններից: Մեսրոպը և Սահակը սկսում են իրենց որոնումները՝ հայերեն նշանագրեր ստեղծելու մասին: Նրանք իրենց մտադրության մասին պատմում են Վռամշապուհ արքային, որը նույնպես հավանություն է տալիս նրանց մտադրությանը: Այս հանգամանքը խոսում է ժամանակի քաղաքական ու մշակութային վիճակից բխող անհրաժեշտության, հայ ժողովրդի ձուլման վտանգին դիմակայելու հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների միասնական ձգտման մասին: Քաջալերելով այդ նախաձեռնությունը, թագավորը միաժամանակ հայտնում է, որ Դանիել անունով ասորի ի եպիսկոպոս «հանկարծ գտել է» հայերենի այբուբենը՝ նշանագրերը: Վահրիճ անունով մեկին ուղարկում են Դանիել եպիսկոպոսի մերձավորներից Հաբելի մոտ: Հաբելը, Վահրիճից լսելով Վռամշապուհի հանձնարարության մասին, շտապում է Դանիելի մոտ, նրանից ստանում նշանագրերը և ուղարկում «արքային՝ հայոց երկիրը», Վռամշապուհի թագավորության հինգերորդ տարում: Բոլորն ուրախանում են այդ հանկարծակի գյուտով, հավաքում են երիտասարդների, ու Մՙեսրոպը սկսում է այդ նշանագրերը սովորեցնել նանց: Շուտով, սակայն, պարզվում է, որ այդ գրերը, որոնք հայագիտության մեջ «դանիելյան նշանագրեր» անունն են ստացել, հայկական չեն և չեն բավարարում հայոց լեզվի պահանջներին. հայերենի հարուստ հնչյունական համակարգի համար անկատար, թերի այբուբեն էր: Ուստի հրաժարվելով դրանից՝ նույն տարում էլ նրանք շարունակում են որոնումները:
Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններից մեկը՝ Եդեսիա: Հետը տարած աշակերտների մի մասին պահելով իր մոտ, մյուս մասին ուղարկեց Սամոսատ՝ հունական կրթություն ստանալու հաար: Նա գիտակ մարդկանց օգնությամբ որոնումներ կատարեց Եդեսիայի հռչակավոր դիվանատանը, որտեղ պահվում էր հսկայական գրականություն: Այստեղ զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար: Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը: Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը կազմեց հայերենի այբուբենը՝ ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր՝ հետևելով գրության լավագույն սկզբունքներին...
Շարունակելի
Էդուարդ Աղայան. «Հայ մշակույթի նշանավոր գործիչները 5-18-րդ դդ» գրքից