Հայաստանում «System of a down»-ի համերգը տեղափոխվում է հաջորդ տարի (Տեսանյութեր)
Կոմպոզիտոր, «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտնել է, որ ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով 2020թ.-ին Երեւանում ծրագրված «SOAD»-ի համերգը չի կայանա։ Երաժիշտը նշել է, որ հայ երկրպագուների հետ հանդիպումը տեղի կունենա 2021թ.-ի ամռանը։ Այս մասին նա հայտնել է վեբինարի ընթացքում, որը կազմակերպվել էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։
«Մեր հայկական համերգը կկազմակերպվի հաջորդ տարի՝ ամռան մի հրաշալի օր։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, իհարկե, քանի որ առայժմ հայտնի չէ՝ վարակի հետ կապված իրավիճակը մեզ ուր կհասցնի»,- ասել է Թանկյանը։
Երկրպագուները Սերժին խնդրել են պատմել «Հայաստան» երգի մասին, որը գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա։
«Երբ հեղափոխության օրերին Հայաստանում էի, Նիկոլի հետ քննարկում էի հայկական երգերը, որոնք մեծամասամբ տխուր են։ Օրինակ՝ դուդուկն իր էությամբ շատ տխուր գործիք է։ Բայց քանի որ հեղափոխությունը հայ ժողովրդի համար նոր փուլ է դարձել, մենք մտածեցինք, որ լավ կլիներ առավել դրական ու հաղթական խոսքերով նոր երգ ստեղծել»,- Նոր Զելանդիայից պատմել է Թանկյանը, ուր ապրում է վերջին ամիսների ընթացքում։