26-ամյա երիտասարդը Կոտայքի մարզում վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացուն. վերջինը հիվանդանոցում մահացել է (Լուսանկարներ)
Երեկ՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ ժամը 22:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 MA 196 համարանիշի ավտոմեքենայով Ալափար-Արզական ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Չարենցավան քաղաքի բնակիչ, 75-ամյա Մերուժան Խ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը:
Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ա. Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ և նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: