Իրանում արդեն 5-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցում է 2 հազարը
Իրանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 2311-ով, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 131.6 հազարը: Այս մասին ուրբաթ հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Քիանուշ Ջահանփուրը:
«Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը երկրում 2311 է կազմել: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 131 652-ի», - մեջբերում է նրան ISNA-ն: Այսպիսով, արդեն հինգերորդ օրն անընդմեջ երկրում ավելի քան 2 հազար վարակման դեպք է գրանցվում:
Ջահանփուրը հավելել է, որ 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակված 51 հիվանդ է մահացել, «մահվան դեպքերի ընդհանուր թիվը 7.300 է»: Առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում առողջացել է 102 276 մարդ: «Երկրում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման 763.913 թեստ»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մինչև մայիսի 2-ն Իրանում վարակի տարածման տեմպի ցածր ցուցանիշներ էին նկատվում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեկ օրում վարակվածների թիվը գագաթնակետին էր հասել մարտի 30-ի (3.186 դեպք), ինչից հետո այն սկսել էր նվազել եւ հասել էր նվազագույնը 802 դեպքի: Մայիսի 3-ից հետո այս ցուցանիշը կրկին սկսեց աճել: