Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը դրվել է ընթերցողի սեղանին
Բարեգործ գործարար, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցի մասին «Կովկասի արքան» գիրքը հայերեն է թարգմանվել: Այն մայիսի 22-ից դրվել է ընթերցողի սեղանին: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, հեղինակը Արմեն Գասպարյանն է, նա գրել է բնագիրը ռուսերեն տարբերակով: Հայերեն տարբերակը ներկայացվում է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի խմբագրությամբ և թարգմանությամբ:
«Մեծանուն բարերարներ Քըրք Քըրքորյանին և Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի լույսընծայումից հետո հաջորդ բարերարը, որի մասին մեր հրատարակչությունը գիրք է լույս ընծայում՝Ալեքսանդր Մանթաշյանցն է: Վերջինս իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Ալեքսանդր Մանթաշյանցը եղել է բարեգործ-գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը և մյուսները: 20-րդ դարի սկիզբն առավել դժվար ու խառնակ էր հայերի համար։
Մի կողմից անվերջ փորձությունները, գոյապայքարը, որոնք հենց նույն դարի սկզբում վատ վերջաբան էին ունենալու, մյուս կողմից էլ՝ նախորդ դարում իրենց ուղին դժվարությամբ հարթած շատ հայեր դարասկզբին հասել էին իրենց բարձունքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ մտավոր գործունեության ոլորտներում։
«Ահա մի այսպիսի հակասական ժամանակաշրջանի հերոսներ են նաև այս գրքում ներկայացված իրական կերպարները, որոնց կարողացավ գաղափարապես ու գործունեությամբ իր շուրջը համախմբել «Կովկասի արքան»։ Լինել «արքա» մի վայրում և մի ժամանակահատվածում, երբ ամենաբարձր տիտղոսը կայսրության փոխարքան է, թերևս անկարելի է։ Բայց ոչ Մանթաշյանցի համար…Քանի որ նրա հաղթանակի գրավականը ոչ թե փողն էր կամ անձնական երջանկությունը, այլ այդ նույն փողը ազգին, ազգային վեհ գաղափարներին ու նպատակներին ծառայեցնելը»,-նշում է թարգմանիչ-խմբագիր Դավիթ Սամվելյանը: