Թրամփը կարգադրել է դրոշներն իջեցնել՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 3 օրով իջեցնել ԱՄՆ դաշնային շենքերի դրոշները՝ ի հիշատակ նոր կորոնավիրուսի զոհերի: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հաջորդ երեք օրերին ես կիջեցնեմ բոլոր դաշնային շենքերի եւ ազգային տեսարժան վայրերի դրոշները՝ ի հիշատակ ամերիկացիների, որոնց մենք կորցրեցինք կորոնավիրուսի պատճառով»,- նշել է ԱՄՆ առաջնորդը:
Հիշատակման օրը, որը ԱՄՆ-ում նշելու են առաջիկա երկուշաբթի՝ մայիսի 25-ին, նույնպես դրոշները կիջեցվեն: «Երկուշաբթի դրոշները կիջեցվեն՝ ի պատիվ մեր ԶՈՒ տղամարդկանց եւ կանանց, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն մեր երկրի»,- հավելել է Թրամփը:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,57 մլն դեպք, մահացել է 94 հազարից ավելի մարդ: