Փակ ռեժիմով ինտենսիվ քննարկում են անցումային արդարադատության հարցը. ներգրավված են միջազգային փորձագետներ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Արդեն հայտնի է, որ իշխանությունը հրաժարվել է դատաիրավական ոլորտում վեթինգ անցկացնելու գաղափարից. գոնե այս փուլում այդ ուղղությամբ գրեթե բոլոր գործողությունների դադարեցման մասին օրերս հայտարարեց արդարադատության նախարարը։
Հայտնի է նաև, որ մինչև մյուս խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածը գործող իշխանությունը մտադիր է խորհրդարանական ընտրությանը զուգահեռ անցկացնել նաև Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով գրեթե ամբողջությամբ կփոխվի մայր օրենքը. այդ առիթով արդեն գործում է ձևավորված հանձնաժողով, որն ի դեպ աշխատում է նաև արտակարգ դրության պայմաններում։
Նախատեսված է, որ հանձնաժողովն իր աշխատանքները կառավարությանը կներկայացնի մինչև տարեվերջ, և մյուս տարվանից տեղի կունենան հանրային քննարկումներ ու տարբեր ձևաչափերով մասնագիտական լսումներ։
Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությանը սպասարկող փորձագիտական մի խումբ բավականին փակ ռեժիմով, որպեսզի հանրային լայն արձագանք ու ավելորդ մեկնաբանություններ չլինեն, շարունակում է ինտենսիվ աշխատանքներ տանել ՀՀ-ում անցումային արդարադատություն իրականացնելու հարցի շուրջ։
Այս հարցում ակտիվ ներգրավված են նաև որոշ միջազգային փորձագետներ, որոնց հետ խումբը տեսակապով պարբերական քննարկումների մեջ է։ Մեր ունեցած տեղեկությամբ, իշխանության հիմնական նպատակը սահմանադրական փոփոխություն իրականացնելիս պատրաստի հայեցակարգ ունենալն է, որպեսզի միանգամից ամբողջական փաթեթով հարցը դրվի հանրային քննարկման»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: