ԱՄՆ իշխանությունները կարող էին 54 հազար մարդու մահ կանխել կորոնավիրուսից
Ամերիկացի հետազոտողները կարծում են, որ ԱՄՆ իշխանությունները կարող էին խուսափել երկրում մոտ 54 հազար մահվան դեպքից կորոնավիրուսով վարակման պատճառով, եթե երկու շաբաթ ավելի շուտ սկսեին սանիտարական միջոցների ներդրումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The New York Times-ը:
Կոլումբիայի համալսարանի գիտնականները՝ վարակաբան Ջեֆրի Շեյմանի գլխավորությամբ, համակարգչային մոդել են մշակել, որը, նրանց կարծիքով, թույլ է տալիս գնահատել մարտի կեսերին Միացյալ Նահանգներում վիրուսի տարածման կանխմանն ուղղված միջոցառումների ազդեցությունը: Հետազոտողներն արձանագրում են, որ մայիսի 3-ի դրությամբ ԱՄՆ-ում 65307 մարդ է մահացել կորոնավիրուսից: Գիտնականները կարծում են, որ եթե նշված սահմանափակումները ներդրվեին մեկ շաբաթ շուտ՝ մինչեւ մայիսի 3-ը, երկրում 36 հազարով ավելի քիչ մարդ կմահանար: Եթե այդ միջոցառումները երկու շաբաթ շուտ ձեռնարկվեին, 54 հազար մարդ կխուսափեր մահից, նշում են հետազոտողները:
«Սա մեծ, մեծ տարբերություն է,- ասաց Շեյմանը: «Աճի փուլում [վարակների քանակի] կարճ ժամանակահատվածը վճռական դեր է խաղում մահացության նվազեցման առումով»: Գիտնականները նաեւ ԱՄՆ իշխանություններին նախազգուշացրել են սանիտարական չափանիշների չափազանց արագ վերացման մասին: Ըստ հետազոտողների՝ դա կարող է մահացության կտրուկ աճի հանգեցնել:
Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 4.9 միլիոն մարդ է վարակվել նոր կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 328 հազար մարդ: Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում ԱՄՆ իշխանությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ պաշտոնական աղբյուրների ամփոփ տվյալների հիման վրա՝ Միացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.55 միլիոն դեպք: Ավելի քան 93.4 հազար մարդ մահացել է: