Ամերիկացին Covid-19 թեստի դրական արդյունքից հետո 62 օր մնացել է զբոսաշրջային նավում
Ամերիկացին ապրիլի սկզբին Covid-19 թեստի դրական արդյունքից հետո 62 օր մնացել է զբոսաշրջային նավում, այնուհետեւ իտալական նավահանգստում հոսպիտալային նավում:
«Որոշ օրեր իսկապես վատ էին, իսկ որոշները՝ տանելի»,- CNN-ին տեսահաշվետվությամբ հայտնել է 28-ամյա Թեյլոր Գրայմսը:
Գրայմսը, որն աշխատում է MSC Cruises ընկերությունում, հունվարի վերջին հեռացել էր Ջենովայի ափից: Մարտի 17-ին Գրայմսի ընկերոջ եւ գործընկերոջ մոտ Covid-19 էր հայտնաբերվել: Խորհրդակցելով նավի բժշկի եւ կապիտանի հետ՝ Գրայմսը «կամավոր ինքնամեկուսացել է»: 15 օր հետո նրա մոտ եւս կորոնվիրուս է հայտնաբերվել:
Այդ ժամանակից ի վեր Գրայմսը թեստավորվել է եւս 7 անգամ: Արդյունքները տարբեր էին՝ երբեմն դրական, երբեմն բացասական:
«Մենք անչափ մտահոգված ենք նրա հոգեկան առողջությամբ,- ասել է Թեյլորի մայրը՝ Էնը: - Անցյալ երկուշաբթի նա հեկեկում էր հեռախոսով՝ ասելով, որ ցանկանում է տուն վերադառնալ»:
Գրայմսը CNN-ին ասել է, որ զբոսաշրջային նավը, որում աշխատում էր, բոլոր ուղեւորներին ափ է իջեցրել մարտի 9-10-ը, մինչդեռ նավում են մնացել մոտ 200 աշխատակիցներ:
Կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունքից հետո Գրայմսին տեղափոխել են պատշգամբով հյուրանավախուց: Այնուհետեւ նրան պաշտպանական հանդերձանքով տեղափոխել են տեղի հիվանդանոց թեստավորման համար: Դրանից հետո տեղափոխել են նավ-հոսպիտալ:
Այդ ժամանակից ի վեր նա հիվանդանոցային նավում ապրում է ոչ մեծ խցում, որն օգտագործվում է տեղի բնակչության բուժման համար:
Գրայմսը հիմա սպասում է 8-րդ տեստի արդյունքներին՝ հուսալով, որ այն բացասական կլինի: Այդ դեպքում նա կկարողանա կոմերցիոն ավիաընկերության միջոցով վերադառնալ Միացյալ Նահանգներ: