Դատական համակարգը՝ խնդրի առջև. կորոնավիրուսը խախտեց ծրագրերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ավելանում են միջնորդությունների թիվը դատարաններին, որոնցով պաշտպանները միջնորդում են հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով իրավիճակն ու բարձր ռիսկայնությունը: Երեկ էլ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին այդպիսի դիմում է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Իսկ «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվել էր, քանի որ մի քանի մեղադրյալներ չին ներկայացել նիստին եւ կրկին դիմել էին դատարան՝ նշելով, որ գտնվում են ռիսկային խմբում եւ համաճարակային իրավիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ, սակայն դատարանը անարժանահավատ էր համարել նրանց դիմումը եւ բերման ենթարկելու որոշում կայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, լուրջ խնդրի առջեւ են կանգնել նաեւ ՀՀ քննչական մարմիները: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահ մարմիները տարբեր քրեական գործերով նախաքննական մարմին են հրավիրում տարբեր անձանց՝ վկայի, կասկածյալի կամ այլ կարգավիճակով, սակայն ծանուցում ստացած վկաները, կասկածյալները հրաժարվում են ներկայանալ նախաքննական մարմին՝ նույն պատճառաբանությամբ՝ ասելով, թե իրենք գտնվում են ռիսկային խմբում ու չեն կարող ներկայանալ:
Եվ ահա, նախաքննական մարմին էլ այլ ելք չունենալով վերջիններիս պատասխանը հիմք է ընդունում եւ սպասում է իրավիճակը մեղմանա, նոր հրավիրեն նրանց հարցաքննության ու այսպես մի շարք քրեական գործեր դոփում են տեղում:
Իսկ կորոնավիրուսը, ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, դեռ 5 տարի կարող է ակտիվ մնալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: