ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանգանակման գլոբալ #Reimagine արշավը՝ կանխելու համաճարակի` երեխաների համար տևական ճգնաժամի վերածումը, այդ թվում՝ Հայաստանում
Քանի որ ՔՈՎԻԴ-19-ը ծանրաբեռնել է առողջապահական համակարգերը, մինչև 5 տարեկան երեխաների մահացության թիվը կարող է ավելանալ օրական 6.000-ով, եթե հրատապ միջոցառումներ չիրականացվեն։
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, քանի դեռ ՔՈՎԻԴ-19-ը շարունակում է թուլացնել առողջապահական համակարգերը և խաթարել պլանային միջոցառումները, առաջիկա վեց ամիսների ընթացքում երեխաների շրջանում կանխարգելվող հիվանդություններից մահերի թիվը կարող է ավելանալ 6000-ով։ Գնահատականը հիմնված է Ջոնս Հոփքինս համալսարանի Բլումբերգի հանրային առողջապահության ֆակուլտետի (Johns Hopkins Bloomberg School of Public Health) գիտնականների վերլուծության վրա, որ օրերս հրապարակվել է «Լանսետ» բժշկական ամսագրում։ Հիմք ընդունելով երեք վատթարագույն սցենարները 118 ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում՝ ենթադրվում է, որ ընդամենը վեց ամսվա ընթացքում հինգ տարեկանը չլրացած երեխաների շրջանում մահվան դեպքերը կարող են ավելանալ ևս 1,2 միլիոնով՝ պայմանավորված առողջապահական ծառայությունների ամենօրյա աշխատանքում պլանային ծառայությունների մակարդակի նվազմամբ:
Հետազոտության մեջ ներառված 118 երկրներում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության այս հավանական դեպքերը կարող են տեղի ունենալ ի լրումն այն 2,5 միլիոն դեպքերի, որ գրանցվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ սպառնալով հակառակ տենդենց ցուցաբերել մինչև 5 տարեկան երեխաների մահացության դեպքերը կանխարգելվող հիվանդություններից նվազեցնելու՝ գրեթե մեկ տասնամյակի ընթացքում ձեռք բերված առաջընթացը։ Ընդհանուր առմամբ՝ վեց ամսվա կտրվածքով կարող է գրանցվել նաև 56,700 մայրական մահվան դեպք՝ ի լրումն այն 144,000 մահվան դեպքերի, որ արդեն տեղի են ունենում տվյալ երկրներում։
Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորապես անհանգստացած է երեխաների վրա համաճարակի այլ, ոչ ուղղակի հետևանքների կապակցությամբ.
- Մայիսի առաջին կեսի դրությամբ աշխարհում մինչև 18 տարեկան երեխաների 77 տոկոսը, այն է՝ 1,80 միլիարդ 2,35 միլիարդից, ապրում էր տանը մնալուն ուղղված գործողությունների ծրագիր իրականացրած 132 երկրներից որևէ մեկում։
- Գրեթե 1,3 միլիարդ սովորող, այն է՝ աշակերտների ավելի քան 72 տոկոսը դպրոց չի հաճախում 177 երկրներում դպրոցների փակման պատճառով:
- Աշխարհի բնակչության 40 տոկոսը հնարավորություն չունի տանը ձեռքերը լվանալ օճառով և ջրով:
- Աշխարհի 143 երկրներում բնակվող գրեթե 370 միլիոն երեխա, որոնք սովորաբար ապավինում են դպրոցական սնունդին՝ որպես սնուցման ամենօրյա հուսալի աղբյուր, այժմ պետք է սնվելու այլ տարբերակներ հայթայթի, քանի որ դպրոցները չեն գործում:
- Ապրիլի 14-ի դրությամբ, 37 երկրներում ավելի քան 117 միլիոն երեխա կարող է չստանալ կարմրուկի դեմ պլանային պատվաստումը, քանի որ համավարակի տարածումը կանխարգելելու պատճառով չեն իրականացվում իմունականխարգելման միջոցառումներ։
Այս շաբաթ ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում է #Reimagine արշավը՝ կանխելու համաճարակի` երեխաների համար տևական ճգնաժամի վերածումը, հատկապես առավել խոցելի երեխաների շրջանում, նրանց, ովքեր ապրում են աղքատության մեջ, մեկուսացված են (հասարակությունից) կամ ենթարկվել են ընտանեկան բռնության։
Արշավի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, հանրությանը, դոնորներին և մասնավոր հատվածին կոչ է անում միանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ին, այդ թվում Հայաստանում՝ քայլեր ձեռնարկելու, վերականգնելու և վերաիմաստավորելու այն աշխարհը, որ այս օրերին «պաշարվել» է կորոնավիրուսի կողմից։
- Քայլեր ձեռնարկել: Մենք հիմա պետք է գործենք, որպեսզի կանխարգելենք վարակի տարածումը, օգնենք հիվանդներին և պաշտպանենք առաջնագծում գտնվողներին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, փրկում են ուրիշներին:
- Վերականգնել: Նույնիսկ երբ համավարակը նահանջի, յուրաքանչյուր պետություն պետք է շարունակի աշխատել՝ երեխաների վրա համավարակի ոչ ուղղակի ազդեցությունը մեղմելու և նրանց հասցված վնասը չեզոքացնելու համար։ Համայնքները պետք է միասին աշխատեն թե՛ սահմանների ներսում, թե՛ սահմաններից դուրս, որպեսզի վերականգնվեն և կանխարգելեն հիվանդության վերադարձը։
- Վերաիմաստավորել: Եթե գեթ մի դաս ենք քաղել ՔՈՎԻԴ-19-ից, ապա դա այն է, որ մեր համակարգերը և քաղաքականությունը պետք է միշտ պաշտպանեն մարդկանց՝ ոչ միայն ճգնաժամի պարագայում: Մինչ աշխարհը վերականգնվում է համավարակի պատճառած վնասներից, հիմա է ժամանակը հիմքեր դնել ավելի լավը կառուցելու համար:
Արշավին արդեն իսկ միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ գործընկերներից երկուսը` Պանդորան (Pandora) և ԱյԷնՋի բանկը (ING)՝ խոստանալով զգալի նվիրատվություն և իրենց սպառողների և հաճախորդների շրջանում արշավին մասնակցելու հրավերի տարածում:
Հայաստանի երեխաներին աջակցելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրավիրում է գործընկերներին, քաղաքացիներին, մասնավոր հատվածի ընկերություններին և ԶԼՄ-ներին ևս մասնակցել արշավին և հանգանակել, որպեսզի ձեռք բերվեն ՝
- ախտորոշիչ թեսթեր,
- բժշկական և հիգիենայի պարագաներ առաջնագծում աշխատող բուժանձնակազմի համար,
- հիգիենայի պարագաներ դպրոցների և նախակրթարանների համար։
Կարող եք հանգանակել՝
- մեր կայքէջի միջոցով
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվեհամարին բանկային փոխանցման միջոցով՝ 21700 001-051986-050 (ՀՀ դրամ) կամ 21700 001-051986-150 (ԱՄՆ դոլար)
«Թեև դժվար ժամանակներ ենք ապրում, հիմա, առավել քան երբևէ, մենք ձեր աջակցությանն ենք ապավինում խոցելի երեխաներին ուղղված մեր առաքելությունը կյանքի կոչելու համար»,- Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայ:
#ՄիասինԸնդդեմԿորոնավիրուսի