«Մինչեւ պատրաստ չլինես ծիծաղելի լինելուն, չես կարող լինել լավագույնը». հայազգի աստղ Շերն այսօր նշում է 74-ամյակը
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը, նույն ինքը՝ Շերիլին Սարգսյանը, այսօր՝ մայիսի 20-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Փոփ երաժշտության թագուհին դարձավ 74 տարեկան:
Մոտ 60 տարվա իր երաժշտական գործունեության ընթացքում Շերն իրեն փորձել է ժամանցային տարբեր ոլորտներում, տարբեր կերպարներով, եւ գրավել հանդիսատեսի ուշադրությունը ոչ միայն իր յուրահատկությամբ, այլեւ ձայնային տեմբրով ու տաղանդով:
Իր երաժշտական կարիերան աշխարհահռչակ հայուհին սկսել է 1965 թ-ին՝ Sony&Cher դուետի կազմում, իսկ 1966-ից արդեն որպես անհատ կատարող թողարկել է իրեն ավելի ուշ հայտնիություն բերած Bang Bang (My Baby Shot Me Down) երգը:
Հեռուստատեսային կարիերան Շերը սկսել է 1970-ական թ-երից, երբ եթերում հայտնվեց նախկին ամուսնու եւ իր կյանքի մասին պատմող The Sony & Cher Comedy Hour ռեալիթի շոուն:
Մինչ օրս երգչուհին վաճառել է ավելի, քան 100 միլիոն ձայնագրություն, արժանացել «Գրեմմի», «Էմմի», «Օսկար», «Ոսկե գլոբուս» եւ այլ հեղինակավոր մրցանակների: Նա նկարահանվել է «Մամա միա», «Բուրլեսկ», «Դիմակը», «Լուսնի իշխանությունը» եւ այլ հայտնի ֆիլմերում:
Շերը երբեք չի մոռանում նաեւ իր հայկական արմատները: Հայուհին պարբերաբար բարձրաձայնում է Հայոց Ցեղասպանության մասին, անդրադառնում Հայաստանում կատարվող կարեւորագույն իրադարձություններին ու անհրաժեշտության դեպքում՝ օգնություն ցուցաբերում հայրենակիցներին: Նա Հայաստանում եղել է 1993 թ-ին՝ իր հետ բերելով 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն: Երգչուհին այցելել է մանկատներ եւ մանկական հիվանդանոցներ:
Այսօր առաջարկում ենք ծանոթանալ հայուհու հայտնի մտքերից մի քանիսին, որոնք մեջբերել ենք նրա՝ տարբեր տարիների հարցազրույցներից:
«Տղամարդիկ պահանջ չեն, նրանք շքեղություն են»:
«Շատ կանանց սխալը նրանում է, որ նրանք սկսում են ոգեւորվել ոչնչից, իսկ հետո… ամուսնանում նրա հետ»:
«Մինչեւ պատրաստ չլինես ծիծաղելի լինելուն, չես կարող լինել լավագույնը»:
«Աղջիկը երկար կարող է սպասել, մինչեւ կհանդիպի իր ճիշտ տղամարդուն, բայց դա չի նշանակում, որ նա չի կարող հրաշալի ժամանակ անցկացնել սխալ թեկնածուների հետ»:
«Մենք ինքներս ենք մեզ հնարում, պարզապես մեզանից ոմանք ավելի վառ երեւակայություն ունեն»:
«Ես սիրում եմ ուրվականներին. նրանց ավելի եմ նախընտրում, քան մարդկանց»:
«Ես միշտ դիմել եմ ռիսկի ու երբեք չեմ մտածել՝ ինչ մարդիկ կկարծեն իմ մասին»:
«Կանայք հասարակության իրական ճարտարապետներն են»:
«Կատարյալ կին լինելու համար պարտադիր չէ, որ կողքիս լինի տղամարդ: Իմ կյանքը այդ փաստով չի սահմանափակվում»:
«Ես միայն երկու մարդու եմ պատասխանում՝ Աստծուն եւ ինձ»: